Գլխավոր դատախազը չի փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը

Գլխավոր դատախազությունը մերժել է մոտ երկու շաբաթ անազատության մեջ գտնվող 18-ամյա պատանուն ազատ արձակել կալանքից, հայտնեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Դավիթ Մինասյանի փաստաբաններն անցած շաբաթ էին դիմել գլխավոր դատախազին, Աննա Վարդապետյանին խնդրել կիրառել իր բացառիկ լիազորությունն ու վերացնել կալանքը:

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հսկող դատախազի կողմից միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Փաստաբանը երեկ հրապարակեց բժշկական հետազոտությունների արդյունքը՝ Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայր ընկած Դավիթ Մինասյանն ուղեցի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հրաժարվեց ընդունել 18-ամյա տղային ազատ արձակելու պահանջով հավաքված քաղաքացիներին։ Աննա Վարդապետյանը ո՛չ ներքև իջավ, ո՛չ էլ որևէ մեկին ուղարկեց՝ լսելու 150 քաղաքացիների ստորագրությամբ նամակի հեղինակներին:

Սուրբ Աննա եկեղեցում պատարագի մասնակցող երկվորյակ եղբայրները ձերբակալվեցին վարչապետի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրա անվտանգության աշխատակիցները, ճանապարհ բացելիս հրմշտում մարդկանց, այդ թվում՝ եղբայրներին։ Հրմշտոցի դեմ բողոքած և վարչապետի ուղղությամբ ձեռքը բարձրացրած Դավիթին անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր, ինչից պատանին վայր էր ընկել։

Կալանավորված Դավիթը մեղադրվում է խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության, գրավով ազատ արձակված եղբայրը՝ օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. հայտնի են 18-ամյա Դավիթ Մինասյանի բուժզննության արդյունքները


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ակցիա դատախազության մոտ՝ Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել Դավիթ Մինասյանի այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը