ԳՀԽ ժողովը երեկ անդրադարձել է «Մայր Աթոռի նկատմամբ բռնաճնշումներին, 10 եպիսկոպոսների խոտոր ընթացքին»

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։

«Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։

Քննարկման առարկա դարձան հոգևորականների ու Եկեղեցու հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և քրեական վարույթներով իրավական գործընթացները։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր պահանջը ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և այլ նվիրյալ հայորդիների նկատմամբ։ Շեշտվեց, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պետք է հետամուտ լինի Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

«Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։ Մասնավորաբար քննության առնվեց նաև վարչապետի ներկայությամբ մատուցվող պատարագներին հարկադրաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ Ընդգծվեց, որ սույն երևույթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի նկատեցին, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին», - նշված է հաղորդագրությունում:

«Անդրադառնալով տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին, միաբանությունից ինքնամեկուսացմանը և ԳՀԽ անդամ եպիսկոպոսների բացակայությանը ժողովներից՝ ԳՀԽ-ն իր մտահոգությունն արտահայտեց վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ՝ այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի և հարված Եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով», - փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, նշված է հաղորդագրությունում:

Ժողովին առաջարկ է ներկայացվել համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ «կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները»:

«Անդրադարձ կատարելով ժողովից առաջ՝ Երեկոյան ժամերգությանը, Մայր Տաճարի շրջափակում եպիսկոպոսաց կազմակերպած հավաքի պատճառով հրահրված անկարգություններին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտեց վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։ Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հավատավոր ժողովրդին, հակառակ կազմակերպված խժդժությունների, դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար», - ասված է հաղորդագրությունում:

Երեկ հաղորդվեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը փոփոխել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմը, ինչի կապակցությամբ Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներն իրենց դժգոհությունը հայտնեցին: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի լիազորությունների սահմաններում երկու տարին մեկ պետք է հրավիրվեր Եկեղեցական-Ներկայացուցչական ժողով և կատարվեր ԳՀԽ անդամների նոր ընտրություններ», - մասնավորապես նշել են նրանք՝ մերժելով այդ փոփոխությունները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսը փոփոխել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմը. 10 եպիսկոպոսները դժգոհություն են հայտնումԵպիսկոպոսները վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել. կաթողիկոսը հորդորեց վերադառնալ կանոնական դաշտ«Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, հետևեք լրատվությանը, կտեսնեք». վարչապետի պնդումը ընդդիմությունից «զրպարտող» են համարում«Բացառում եմ բախումների որևէ հնարավորություն». Փաշինյանը՝ Մայր Աթոռում նախատեսված հավաքի մասին