Ռուսաստանը և Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, շարունակում են մնալ բարեկամներ և պահպանում են երկխոսությունը, այսօր ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք երկխոսության մեջ լինել մեր հայ ընկերների հետ, և մենք կշարունակենք դա անել հետագայում ևս», - ասել է Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը բարեկամներ են, Պեսկովը շեշտել է. «Անկասկած»:
«Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք լիովին աջակցում են ռուսական զարգացման վեկտորին և կենտրոնանում են Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրացիոն գործընթացներին հետագա, ավելի խորը մասնակցության վրա», - նշել է Կրեմլի խոսնակը և հավելել. - «Մենք, անշուշտ, գնահատում ենք այս մոտեցումը. մենք դա չենք թաքցնում»։
ТАСС-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նաև ասել է, թե Ռուսաստանը էներգակիրների վստահելի մատակարար է, հատկապես՝ գործընկերների համար, սակայն գազի՝ Երևանի համար գրավիչ արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը:
«Այդպիսի [արտոնյալ] ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, դա, իհարկե, Եվրամիությունն է: Այնտեղ արդեն գների կատեգորիան լրիվ այլ է՝ այն շուկայական է: Դա շատ լավ հայտնի է Երևանում մեր բարեկամներին», - ամփոփել է Կրեմլի խոսնակը:
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատական հայտարարություններ են հնչում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
ՀՀ իշխանությունները, այդուհանդերձ, վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա:
Պաշտոնական Երևանը քանիցս ընդգծել է նաև, որ տվյալ պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից: