Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս երկու ամսով կմնա կալանքի տակ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում քննելով գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ մեղադրող կողմի միջնորդությունը, որոշեց բավարարել այն:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ԲՀԿ-ի առաջնորդը, ում վարչապետը դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպառնում էր ունեզրկվել, կալանավորվեց ընտրություններից մեկ ամիս անց: Նրան մեղադրանք առաջադրեցին առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացավ հարկերից խուսափելու մեղադրանքը:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո, նրան պատկանող ընկերություններից երկուսում՝ «Արարատցեմենտ» ու կոնյակի գործարաններում կառավարությունը իր կառավարիչներին է նշանակել, Ծառուկյանի սպորտային կենտրոնը քաղաքապետարանի ղեկավարմանն է անցել: Օլիմպիական կոմիտեի մարզաբազան դեռ փակ է:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի Առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։

Մեկ այլ հայցով էլ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող Առինջ մոլի հողատարածքի աճուրդը, որը 11 տարի առաջ է կայացել։

Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։