Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը և բիզնեսներում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում «լայնածավալ խուզարկություններ են իրականացվում», հայտնում է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն հայտնեցին, որ «քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ» և, որ ավելի ուշ իրավապահները հանդես կգան պաշտոնակյան հաղորդագրությամբ:

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե «մոտ մեկ ժամ խոչընդոտներ են ստեղծել և թույլ չեն տվել իրեն ներս մտնել: Միայն հետո են թույլ տվել մտնել տուն», փաստաբանը նշեց, որ խուզարկությունները շարունակվում են: Իսկ Ծառուկյանին բերման ենթարկելու և հարուցված քրգործի վերաբերյալ տեղեկություններ այս պահին չփոխանցեց:

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ:

ԿԸՀ-ից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»:

Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:

Դեռևս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը պետականացնելու մասին, այնուհետև շարունակել էր այդ ցանկը՝ հասնելով Ծառուկյանի առանձնատանը: Վարչապետն իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա «բիզնես ողնաշարը», «մաֆիա» էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին և սպառնում, որ շատ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը՝ այնպես, ինչպես եղավ մյուս մրցակցի՝ Սամվել Կարապետյանի էլցանցերի դեպքում: ԲՀԿ առաջնորդն էլ պատասխանել էր, թե «իրեն դրանով չեն վախեցնի»:

Գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, թե 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտի» գործարանը խախտումներով է մասնավորեցվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ. ինչո՞ւ դատախազությունը նախ չի դիմել ԿԸՀ «Խլելով երկիրը կարո՞ղ է զարգանալ». Դատախազությունը «Արարատցեմենտին» առնչվող նոր խախտումներ է բացահայտելԿառավարությունը 7 մլն դրամ կծախսի՝ Ծառուկյանի փեսայից բռնագանձված տան պահպանության համար««Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են». ՏոնոյանԾառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվեց լիցենզիայից