Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում այսօր սկսել էր քննել գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ մեղադրող կողմի միջնորդությունը: Դատարանի մոտ էին հավաքվել Ծառուկյանի աջակիցները: Գործարարին դատարան էին բերել հետնամուտքով:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ԲՀԿ-ի առաջնորդը, ում վարչապետը դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպառնում էր ունեզրկվել, կալանավորվեց ընտրություններից մեկ ամիս անց: Նրան մեղադրանք առաջադրեցին առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացավ հարկերից խուսափելու մեղադրանքը:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո, նրան պատկանող ընկերություններից երկուսում՝ «Արարատցեմենտ» ու կոնյակի գործարաններում կառավարությունը իր կառավարիչներին է նշանակել, Ծառուկյանի սպորտային կենտրոնը քաղաքապետարանի ղեկավարմանն է անցել: Օլիմպիական կոմիտեի մարզաբազան դեռ փակ է:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի Առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։

Մեկ այլ հայցով էլ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող Առինջ մոլի հողատարածքի աճուրդը, որը 11 տարի առաջ է կայացել։

Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։