Դատարանը ևս երկու ամսով երկարացրեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը՝ կնոջն ու դստերը թույլ տալով տեսակցել բանտախցում արդեն երկու ամիս պառկած Խաչատրյանին: Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, նախկինում պաշտպանյալին միայն իրենք էին տեսակցում:
«Գոնե պետք է տնային կալանք լիներ, որովհետև իր միակ նպատակը՝ բուժումներ կարողանա ստանա, տան անդամները խնամքն ապահովեն, բժիշկներն այցելեն, համապատասխան վարժություններով ապահովեն, որպեսզի մկանների թուլացումը կարողանան փոքր-ինչ վերականգնել, պառկելախոցերը վերանան», - ասաց փաստաբանը:
Նիստը դռնփակ էր ու «Ազատությունը» չի կարողացել ծանոթանալ քննիչների ու դատարանի հիմնավորումներին կալանքի անհրաժեշտության վերաբերյալ: Բայց փաստաբանի խոսքով, Քննչականի հիմնավորումն այն է, որ ազատության մեջ Խաչատրյանը կխոչընդոտի գործի քննությանը: Ըստ Սարգսյանի՝ անցած երկու ամիսների ընթացքում իրավապահները չեն արել Քննչական գործողությունները, որոնց անհրաժեշտությամբ էլ հիմնավորել էին Խաչատրյանի կալանավորումը։
«Հիմա մենք ասում ենք՝ դուք իրեն այս երկու ամիսը կալանավորել էիք, որ չխոչընդոտի գործի քննությունը, մենք տեսնում ենք, որ այս երկու ամսվա ընթացքում միայն զննություններ եք կատարել, փորձաքննություններ եք նշանակել, որոնց ցանկության դեպքում Գագիկ Խաչատրյանը նույնիսկ չէր էլ կարող խոչընդոտել: Այսինքն, ինչի համար որ կալանավորել էին, ընդհանրապես անիմաստ էր», - նշեց Երեմ Սարգսյանը:
Ժամանակին «սուպերնախարար» անունը ստացած Խաչատրյանը մեղադրվում է ծանր կոռուպցիոն հանցանքների՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության, փողերի լվացմանը հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու համար: Խաչատրյանները նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով են անցնում:
70-ամյա նախկին բարձրաստիճան պաշտոնյան ողնաշարի հիվանդություն ունի և եթե 2019 թվականից դատարան էր ներկայանում ինքնուրույն, ապա ժամանակի ընթացքում սկսեց անվասայլակով գալ, հիմա էլ նրան պատգարակով են բերում: Մինչ նրան տարիներ առաջ վիրահատած գերմանացի բժիշկները նոր ու հրատապ վիրահատության կարիք են տեսնում հենց Գերմանիայում, հայաստանյան պետական վերջին փորձաքննությունը վիրահատության անհրաժեշտություն չի տեսել:
«Պառկելախոցը, երբ ավելի խորանում է, դառնում է բաց վերք: Բաց վերքից ինֆեկցիաներն անցնում են, ու դրա դեմն առնելը կարող է անհնար լինել, այսինքն, սա մահվան համար լուրջ նախահիմք է: Այդ վերքերը հիմա առաջանում են, սկզբնական փուլում են», - ասաց փաստաբանը:
Փաստաբան Սարգսյանի պնդմամբ՝ երկար ժամանակ անկողնային վիճակում մնալու հետևանքով Խաչատրյանի մոտ պառկելախոցեր են առաջացել, կա նաև թոքաբորբի զարգացման վտանգ։ Առողջապահության նախարարությունից այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար գրավոր հարցում պահանջեցին։
Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ-ն ձերբակալել էր նրա իսկ տնից՝ պառկած վիճակում: Նախկին պաշտոնյան մեղադրյալի աթոռին է 2019 թվականից, անցած տարիների ընթացքում իրավապահներն ավելացրեցին մեղադրանքը: Ամիսներ առաջ էլ նոր մեղադրանք առաջադրվեց ու մինչև այդ ազատության մեջ գտնվող Խաչատրյանը կալանավորվեց: Վարչապետ Փաշինյանը, որ պարբերաբար հայտարարում է նախկինների թալանածը հետ բերելու մասին, անդրադարձել էր Խաչատրյանի գործին ու կասկածի տակ դրել նրա առողջական խնդիրները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը». Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասինԻ պահ հանձնե՞լ, թե՞ ցուցադրել. Ազգային պատկերասրահը եկամուտ չի ստացել Խաչատրյանների սեփական կտավների ցուցադրությունից
Այս նոր գործի շրջանակում Քննչականը խուզարկել էր Խաչատրյանի առանձնատունն ու զենքերի, թանկարժեք ժամացույցների ու հուշանվերների հետ միասին առգրավել նաև 70 նկար՝ սրբապատկերներ ու գեղանկարներ: Դրանք Քննչական կոմիտեն ի պահ էր հանձնել Հայաստանի ազգային պատկերասրահին, որն էլ 7 օր ցուցադրել էր հանրությանը, իսկ ցուցադրությունը բացել էին գլխավոր դատախազը, Քննչականի ղեկավարն ու ԿԳՄՍ նախարարը:
«Ո՞վ իրավունք ունի ուրիշի սեփականությունը ցուցադրել», - նշեց Երեմ Սարգսյանը:
Ինչո՞ւ է ազգային պատկերասրահը պահպանելու փոխարեն ցուցադրել Խաչատրյանների սեփականությունը, Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից «Ազատությանը» պատասխանել են, թե հենց Քննչականն է թույլատրել ի պահ հանձնված իրեղեն ապացույցները ցուցադրել: Բայց և շեշտել են՝ պատկերասրահը շահույթ չի հետապնդել, 7 օր ցուցադրելուց հետո դրանք տեղափոխվել են առանձնացված տարածք:
Քննչականից էլ պատասխանել են, թե արվեստի գործերն ի պահ են հանձնվել պատկերասրահին և այդ կերպ լուծվել է դրանց տիրապետման հարցը: Ի պահ հանձնելը ցուցադրելը չէ, հակադարձում է փաստաբանը: Գագիկ Խաչատրյանի փաստաբանները, առանց մանրամասները հրապարակելու, նշում են՝ սեփականության իրավունքի խախտման այս հարցով բողոքներ են ուղարկել տարբեր կառույցների: