Աչքերը փակ, պատգարակի վրա. Գագիկ Խաչատրյանը դատական նիստին պառկած էր մասնակցում

Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Հակակոռուպցիոն դատարանում նիստին մասնակցում էր պառկած վիճակում՝ պատգարակի վրա։

Նրա աչքերը փակ էին, ընդամենը գլխի շարժումով էր արձագանքում փաստաբանի հարցերին։

Դատավորն ի սկզբանե փորձեց ճշտել, թե արդյոք Գագիկ Խաչատրյանը դեմ չէ՞, որպեսզի լրագրողները տեսանկարահանեն և լուսանկարահանեն դատական նիստը, Գագիկ Խաչատրյանը հասկացրեց, որ չի առարկում։ Չառարկեցին նաև մեղադրող դատախազը, պաշտպանական կողմը, բայց ամեն դեպքում, նիստը նախագահող դատավորը որոշեց, որ տեսանկարահանումն արգելվելու է։

Ամեն դեպքում մեզ հաջողվեց տեսանկարահանել և նաև հարց ուղղել Գագիկ Խաչատրյանին արդեն դատական նիստից հետո։ Իհարկե, մեր հարցերին պարոն Խաչատրյանը չպատասխանեց կամ չցանկացավ, կամ պարզապես ի վիճակի չէր․ նա այդ ողջ ընթացքում աչքերը այդպես էլ չբացեց։

Your browser doesn’t support HTML5

Ընթանում է Գագիկ Խաչատրյանի դատական նիստը. նա պատգարակի վրա է, տեսանկարահանումն արգելվել է

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին։ Նա մեղադրյալ է միանգամից մի քանի գործերով. կա մի գործ, որը քննվում է դեռևս 2019 թվականից՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ կապված։ Հենց այդ գործով էր այսօրվա դատական նիստը։

Եվ արդեն օգոստոսի 29-ին գումարվեց ևս մեկ գործ՝ արդեն փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու, խոշոր չափով կաշառք ստանալու հետ կապված, որի շրջանակներում էլ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց։

Պաշտպանական կողմը խոսում է խոշտանգման մասին

Փաստաբան Երեմ Սարգսյանը խոսեց խոշտանգման մասին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ ողնաշարի լուրջ խնդիրներով, պատգարակին գամված և պարանոցը կորսետով ֆիքսելու անհրաժեշտություն ունեցող Գագիկ Խաչատրյանին կալանավորելը և Ազգային անվտանգության ծառայության բանտում պահելը պարզապես խոշտանգում է։

Մեղադրող կողմը պնդում է, որ Գագիկ Խաչատրյանը կարող է մասնակցել դատական նիստերին։

Փաստաբանը նաև անդրադարձավ այն պնդումներին, թե Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է հերթական ՄՌՏ հետազոտությունն անցնել, ինչը, ըստ այդ պնդումների, կարող էր վերջ դնել այն խոսակցություններին, թե արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահն իսկապես ի վիճակի չէ մասնակցել դատական նիստերին և բուժման նպատակով շտապ մեկնելու անհրաժեշտություն ունի, սակայն, Խաչատրյանը հրաժարվել է վերջին ՄՌՏ հետազոտությունից։

Երեմ Սարգսյանն այս բոլոր մեղադրանքներին ի պատասխան նշեց, որ ՊԵԿ նախկին նախագահը արդեն շուրջ 10 անգամ ՄՌՏ է անցել և ամեն անգամ ստիպելով մարդուն անցնել այդ հետազոտությունը, որն, ի դեպ, կատարվում է քնեցման միջոցով, անթույլատրելի է, հատկապես որ այդ քնեցումը առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում Գագիկ Խաչատրյանի համար։

«19 թվականի հուլիսի 3-ին դրա՝ այդ կոնսիլիումի համար մենք անցել ենք ՄՌՏ հետազոտություններ, բոլոր հետազոտությունները։ Դա իրենց բավարար չթվաց, որոշեցին ևս մեկը մեկ ամսվա ընթացքում։ Օգոստոսի 5-ին նորից իրենց պահանջով ենթարկվել ենք։ 20 թվականին իրենց պահանջով ենթարկվել ենք ՄՌՏ հետազոտությունների, 21 թվականին իրենց պահանջով ենթարկվել ենք ՄՌՏ հետազոտությունների, 25 թվականին իրենց պահանջով ենթարկվել ենք ՄՌՏ հետազոտությունների, ամեն անգամ ստացել են պատասխան, որ ունի վիրահատության կարիք և պետք է արտերկրում բուժումը կատարվի, ասել են՝ եկեք նորից մի հատ էլ անենք», - ներկայացրեց Սարգսյանը։

Փաստաբանը նշեց՝ որևէ բժիշկ ընդհանրապես պատասխանատվություն չի վերցրել իր վրա ասելու, որ այդ քնեցումից հետո Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը էլ ավելի չի վատանա: Բացի դրանից նա նաև ունի նյարդահոգեբանական խնդիրներ, կլաուստրոֆոբիա և, հետևաբար, չի կարող շարունակ անցնել այդ հետազոտությունը։

«Ամսի 2-ից սկսած միջնորդել ենք, որպեսզի թույլ տան Գագիկ Խաչատրյանի բուժող բժիշկը իր միջոցների հաշվին այցելի և նրան զննության ենթարկի։ Սա մեղադրյալի, կալանավորված մեղադրյալի իրավունքն է։ Ուրեմն մինչև երեկ կամ երեկ չէ առաջին օրը, այսինքն, մոտ մեկ շաբաթ համարյա, ոչ մի արձագանք չկար, ոչ մի պատասխան չկար։ Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ իր բուժող բժիշկը այցելի քրեակատարողական հիմնարկ։ Մինչև հիմա լոգանք ընդունելու հնարավորություն չունի, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի․․․», - ասաց փաստաբանը:

«Ազատության» հարցին՝ խնամակալ կա՞, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Խնամակալ են նշանակել, այսինքն մայրապետ, որը օրը երեք անգամ նրան այցելում ա, որպեսզի դեղորայքի հետ կապված.... այնտեղ ավելի մանրամասներ կան, ուղղակի ես չեմ ուզենա դրան անդրադառնալ»։

Գագիկ Խաչատրյանի կալանավորման, այդ պատգարակով նրան դատարան տեղափոխելու կադրերը մեծ աղմուկ էին բարձրացրել, և դրան անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ ամոթալի է ոչ թե այդ տեսարանը, այլ ամոթալի է այդ աղմուկը, որովհետև պետությունը թալանած անձինք պետք է կանգնեն պատասխանատվության առջև։ Ավելին՝ վարչապետ Փաշինյանը պնդել էր, որ Գագիկ Խաչատրյանը «սիմուլյանտություն է անում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը». Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

«Ցանկացած խոսք պետք է հիմնավորված լինի փաստաթղթերով։ Էն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որը ներկայացվել է այս վերջին 2026 թվականին, դրանում որևէ մեկը չի վիճարկում, որ նա ունի բազմաթիվ հիվանդություններ։ Այսինքն փորձագետները նշել են, որ բազմաթիվ հիվանդություններ ունի», - նշեց փաստաբանը։

Փաստաբանը չի բացառում՝ Գագիկ Խաչատրյանը կարող է պատրաստ լինել գույք վերադարձնել պետությանը

Պաշտպանական կողմը առայժմ չի բողոքարկել Գագիկ Խաչատրյանի կալանավորումը փոխելու որոշումը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ դա կանեն, երբ որ ստանան Խաչատրյանի կալանքի որոշումը։ Առ այս պահը այդ որոշումը չեն ստացել։

«Ազատության» հարցին՝ պատրա՞ստ է Գագիկ Խաչատրյանը ինչ-որ գույք վերադարձնել պետությանը, փաստաբանը պատասխանեց. «Գագիկ Խաչատրյանի էս վիճակով պայմանավորված, չեմ բացառում, որ ամեն ինչի էլ պատրաստ լինի, որովհետև այստեղ կյանքի և առողջության խնդիր կա։ Ես էսի իմ կողմից եմ ասում, այսինքն նման եu քննարկում չեմ ունեցել և չգիտեմ, բայց ես տրամաբանական վիճակն եմ ներկայացնում, որովհետև էսի․․․ էս նույնն ա, որ հենց հիմա ինչ-որ մեկի ոտքը փորձենք ջարդել ու ասենք՝ դու ինչ-որ բան խոստովանի, ու ինքը խոստովանի։ Հիմա եթե էս պահին մենք էս իրավիճակն ունենք, ես չեմ բացառում, որ նաև նման գործընթաց լինի, բայց չեմ էլ ուզում դրա մեջ խորանալ․․․»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զենքեր, ժամացույցներ, հուշանվերներ. ՔԿ-ն հրապարակել է Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկության կադրերըԱրդարադատության առջև՝ պառկած. Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց ՄԻՊ-ի հանձնարարությամբ այց է իրականացվում ՔԿՀ՝ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույց ունենալու Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում