Եթե նույնիսկ ռիսկեր կան, դրանք կառավարելի են. Խուդաթյանը՝ գազի մասին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ

«Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ կապի մեջ ենք, և եթե նույնիսկ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի են Հայաստանի Հանրապետության տնտեսության համար», - այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ «Ազատության» հարցին:

Բացառո՞ւմ է արդյոք թանկացումը՝ սրան նախարարն արձագանքեց. - «Մենք երբեք ոչինչ չենք բացառում, բայց պետք է ասեմ, որ մամուլում տասնապատիկ ավելի սարսափելի է ներկայացվում այդ հայտարարությունը և դրա հետևանքները: ... Այդ հայտարարության մեջ ո՛չ գնից, ո՛չ ժամկետներից խոսակցություն չի եղել», - ասաց Խուդաթյանը:

«Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ, մատակարարումները բնականոն են գնում և մեր պայմանագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առավելագույնն է անում, որպեսզի սպառողների համար պայմանները լինեն հարմարավետ: Կառավարությունը վստահաբար ունի պլան Բ, բայց մենք այդ կետում չենք, որ պլան Բ-ի մասին հայտարարենք», - վստահեցրեց նախարարը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն օրերս նամակ էր հղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ զգուշացնելով, թե Մոսկվա կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։ «Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ և նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն», - պարզաբանել էր ռուս նախարարը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երեկ Աստանայում հայտարարել է, թե որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի: «Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ Հայաստանի համար՝ շուրջ 150 եվրո», - մասնավորապես ասել է Պուտինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին. ՊուտինԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքում«Հայաստանի համար գազի հարցը զգայուն է». ռուս նախարարՎարչապետ Փաշինյանը չի բացահայտում Մոսկվայից ստացած նամակի բովանդակությունը, ՌԴ-ից են մանրամասներ հայտնելՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում. Փաշինյանը՝ Մոսկվայից հնչող հայտարարությունների մասինՄոսկվայից հնչող ակնարկները սպառնալիքների են վերածվում, Երևանն արձագանքում էԳազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ը. Պեսկով