Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը չի բացահայտում Մոսկվայից ստացած նամակի բովանդակությունը, ՌԴ-ից են մանրամասներ հայտնել

Մինչ հայաստանյան հանրային, փորձագիտական ու քաղաքական դաշտը ռուսական գազի հնարավոր թանկացման հետևանքներն է քննարկում, Հայաստանի վարչապետը չի բացահայտում, թե պաշտոնական Մոսկվան Երևանին ինչ բովանդակությամբ նամակ է ուղարկել, ռուսական կողմը պատրաստվո՞ւմ է արդյոք վերանայել գազի պայմանագիրը և թանկացնել այն: Նիկոլ Փաշինյանն այսօր միայն պնդեց, թե նախկինում էլ են նման նամակներ ստացել:

«Այդպիսի նամակները մեզ համար նորություն չեն: Վերջին ութ տարում մենք այդպիսի նամակներ մի քանի անգամ ստացել ենք և այդ նամակների շուրջ աշխատանքի մեր փորձը, ձևաչափերը և բանաձևերն ունենք: Նախկինում էլ փորձը ցույց է տվել իր արդյունավետությունը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

2013 թվականին կնքված գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին պաշտոնական Մոկվան հայտարարեց երեկ: Այսօր արդեն Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտնեց, թե Երևան ուղարկված նամակով Մոսկվան զգուշացրել է՝ կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին:

«Նամակում մեր դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Հայաստանն ստանում է և՛ նավթ, և՛ գազ բավականին շահավետ գներով։ Իհարկե, նույն գազի գինը Եվրոպայում բազմակի բարձր է: Ուստի ես գրել եմ իմ գործընկերոջը, որ բոլորը նախապես իմանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ և նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն»,- հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը:

Ռուս պաշտոնյայի փոխանցմամբ՝ հայկական կողմից պատասխան դեռ չեն ստացել: Հայաստանը գազը սահմանին գնում է 1000 խորանարդ մետրի համար պաշտոնապես սահմանված 165 դոլար սակագնով, բայց գազի խտությամբ պայմանավորված՝ գինը հասնում է ավելի քան 175 դոլարի: Ռուսները պարբերաբար շեշտում են, թե նույն գազը եվրոպացիները գնում են 600 դոլարից էլ բարձր գնով: Պայմանագրի խզման դեպքում Հայաստանը պատրա՞ստ է թանկ գազ գնել, վարչապետ Փաշինյանն այս հարցին չպատասխանեց, փոխարենը դարձյալ շեշտեց.

«Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որ պլեճի հույսին ա ու երբ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բարձրանում է, ժողովրդի ճնշումը բարձրանա: ՀՀ-ն այլևս հազարների ու տասնյակ հազարների երկիր չի, ՀՀ-ն միլիարդների և տրիլիոնների երկիր է: Ինչ վերաբերում է 2013 թվականի պայմանագրի մնացած հարցերին՝ այս ընթացքում շատ պրոցեսներ են եղել, մարդիկ անգամ տեղյակ էլ չեն եղել: Այսինքն՝ նմանատիպ պրոցեսներ էս ընթացքում մի քանի անգամ եղել են, բայց Հայաստանի քաղաքացին ոչ մի անգամ չի զգացել դա, որովհետև մենք աշխատել ենք, աշխատանքային կարգով լուծումներ գտել ենք, ես համոզված եմ, որ էս անգամ էլ լուծումները կգտնենք»,- շեշտեց Փաշինյանը:

Չնայած ներմուծվող հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումներին՝ վարչապետը պնդեց, թե Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի սպառնում: Իսկ թե գործնականում ի՞նչ է անում կառավարությունն այդ սահմանափակումների հետևանքները մեղմելու համար, Նիկոլ Փաշինյանը չասաց. գործարար համանյքի համար վարչապետն այլ նորություն ուներ, նշեց.- «Հայաստանի Հանրապետության տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ»:

Մոսկվայից հնչող սպառնալիքներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է հայտարարում, թե TRIPP-ի իրականացմամբ Հայաստանը միլիարդավոր դոլարների օգտներ է ստանալու: «Եթե Հայաստանի վարչապետը կարծում է, որ երկիրը կհարստանա՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, թող հասնի դրան», այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի կառավարությանը Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հորդորում են արագ ընտրություն անել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև: Փաշինյանն այսօր շեշտեց՝ Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չեն պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում են եղած լծակներն օգտագործել երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար: Վարչապետը դարձյալ պնդեց՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ քայլերն այժմ համատեղելի են:

Փաշինյանի խոսքով.- «Էդ կարող է համատեղելի լինի մինչև 2030 թիվը, մինչև 2035, մինչև 2040 թիվը, կարող է համատեղելի լինի մինչև 2026 թվականի դեկտեմբերը....ժամանակը ցույց կտա: Դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք: Մեր պլանում ոչինչ չի փոխվել»:

Ու թեև այսօր հարց չէր հնչել հայկական երկաթուղու մասին, Նիկոլ Փաշինյանը նաև այս թեմային անդրադարձավ: Ամիսներ առաջ էր վարչապետը պնդել, թե ռուսական կառավարման պատճառով հայկական երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները, ուստի պետք է ռուսական կողմից փոխանցվի այլ երկրի: Հարցն ապրիլին քննարկվել էին Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը, բայց համաձայնության չէին հասել: Մոսկվան դեմ է, Փաշինյանն այսօր ասաց՝ այդ հարցը երկու երկրների հարաբերություններում նյարդ է առաջացնում, սակայն հարկ համարեց հիշեցնել՝ Երևանն այդ օրակարգից չի հրաժարվել:

«Մեր սեփական երկաթուղին մենք չենք կարող թողնել մնա մետաղի ջարդոնի կարգավիճակով: Այն տարանցման մեծ հնարավորություն ունի, էլի մենք Ռուսաստանի գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնվեն», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կան հարցեր, որոնք Կրեմլի հետ պետք է քննարկվեն և պարզաբանվեն, բայց ԵԱՏՄ գագաթնաժողովին ներկա չի լինելու: Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:








Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG