Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են, որոնք միասին հաղթահարում են ցանկացած դժվարություն, և ոչ ոք չի կարող խաթարել այս համերաշխությունն ու եղբայրությունը, Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով էր Ադրբեջան մեկնել՝ մասնակցելու Արցախի պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրվա միջոցառումներին։
«Նրանք, ովքեր փորձում են անհամաձայնություն գտնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ժամանակ են վատնում: Նրանք, ովքեր փորձում են սեպ խրել մեր միջև, անտեսում են մեր ժողովուրդների միջև փոխադարձ կապվածությունը, նրանց անսասան կամքը և պատմական կապերը», - ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի հայտարարությունը հնչում է երկու երկրների միջև լարվածության ֆոնին, որը ծագել էր, երբ թուրք մի շարք պաշտոնյաներ քննադատել էին ադրբեջանական դպրոցներում հիջաբն արգելող՝ Բաքվի որոշումը, իսկ Անկարայում և Ստամբուլում բողոքի ակցիաներ էին անցկացվել: Բաքուն պատասխանել էր քննադատությանը՝ դա համարելով միջամտություն իր ներքին գործերին: Ավելի ուշ Էրդողանը նույնիսկ աշխատանքից ազատել էր իր խորհրդական Օքթայ Սարալին՝ հիջաբի վերաբերյալ Բաքվի որոշումը քննադատելու համար:
Անխախտ եղբայրության, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի մասին Էրդողանը խոսել է նաև Շուշիում Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ: Թուրքիայի նախագահն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները բազմաթիվ պատմական փորձություններ են անցել և այսօր հասել են բարձր մակարդակի։
«Նրանք, ովքեր ձգտում են թուլացնել այս եղբայրությունը,... երբեք չեն հասնի իրենց նպատակներին՝ ոչ այսօր, ոչ էլ վաղը, ինչպես որ երեկ չկարողացան դա անել։ Ալլահի կամքով մեր միասնությունը կմնա հավերժ անսասան», - վստահեցրել է Էրդողանը:
Ալիևն, իր հերթին, Էրդողանին շնորհակալություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիայի ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել՝ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական երկրներ են, և ոչ ոքի չի հաջողվի սասանել այս եղբայրությունը:
«Մեր միասնությունն ու եղբայրությունն անսասան են։ Նրանք, ովքեր ձգտում են խաթարել դրանք, երբեք չեն հասնի իրենց նպատակներին. նրանց ցանկությունները կմնան չիրականացված։ Մենք ... թույլ չենք տա, որ որևէ մեկը կանգնի մեր միջև կամ ստվեր գցի մեր միասնության, եղբայրության և համերաշխության վրա՝ հանուն իրենց անձնական շահերի», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևն ու Էրդողանը լուսանկարվել են Շուշիի ամրոցի դիմաց: Ապա այցելել են Խոջալուի իրադարձություններին նվիրված հուշահամալիր: Ստեփանակերտում ծաղկեպսակ են դրել հաղթանակի հուշարձանին, իսկ ավելի ուշ արդեն առաջին տիկինների հետ հանդիպել են Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների հետ:
Ալիևը բեմ է հրավիրել պատերազմի մասնակիցներին և Էրդողանին է ներկայացրել տարբեր պարգևներ ստացած զինծառայողներին: «Նրանք դաս տվեցին թշնամուն», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Միջոցառման ավարտին պետությունների ղեկավարներն ու առաջին տիկնայք լուսանկարվել են պատերազմի մասնակիցների հետ: Նախագահ Իլհամ Ալիևի անունից Թուրքիայի նախագահի պատվին նաև պաշտոնական ճաշկերույթ է տրվել: