Անցած շաբաթ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընթրիք էր կազմակերպել՝ Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովից առաջ, հյուրերի կազմը ոչ մի կերպ արտասովոր չէիր անվանի: Արտասովոր էր սակայն մի առաջնորդի բացակայությունը. ընթրիքին չէր ներկայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդները գինի էին համտեսում և ճաշում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ այդ ընթացքում հեռախոսով Էրդողանի հետ էր զրուցում, Էրդողանի ամենամերձավոր դաշնակիցներից մեկին՝ Ալիևին ոչ ոք այդպես էլ չտեսավ։
Ալիևի բացակայությունը հարցեր է առաջացրել ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների, այլև տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող խոշոր տրանսպորտային և էներգետիկ նախագծերի ապագայի վերաբերյալ, մինչ Ուկրաինայում և Իրանում շարունակվող պատերազմների պայմաններում երկրները փորձում են այլընտրանքային ուղիներ գտնել:
«Նույնիսկ եթե դիվանագիտական լարվածությունը չհանգեցնի նախագծերի չեղարկմանը, այն կարող է դանդաղեցնել բյուրոկրատական համակարգումը, տեխնիկական խորհրդակցությունները, ֆինանսավորման գործընթացներն ու քաղաքական համաձայնությունների ձեռքբերումը», - ասում է գագաթնաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցած թուրք քաղաքական վերլուծաբան Հասան Օքթայը՝ Ալիևի բացակայությունը որակելով «կորուստ հենց Ադրբեջանի համար»:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևի ժամանակացույցը թույլ չի տվել նրան մասնակցել միջոցառմանը․ այդ օրը նա պետք է մրցանակներ հանձներ Բաքվում՝ ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջին գավաթի և փառատոնի փակման արարողության ժամանակ։
Ալիևի բացակայությունը, որի ընթացքում Ադրբեջանը Թյուրքական պետությունների կազմակերպության նախագահությունը փոխանցում էր Թուրքիային, հարցեր է առաջացրել երկու երկրների միջև աճող տարաձայնությունների ֆոնին: Դրանք վերաբերում են ինչպես ներքին խնդիրներին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը։
Տարաձայնությունների պատճառներից մեկն էլ Ադրբեջանի սերտ հարաբերություններն են Իսրայելի հետ:
Մինչ Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով ավելի է կոշտացրել իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ, Ադրբեջանը շարունակում է սերտ համագործակցությունը Թել Ավիվի հետ, այդ թվում՝ ռազմական և էներգետիկ ոլորտներում։
Քննադատությունն ավելի սրվեց, երբ սեպտեմբերին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը մնաց ու լսեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը, մինչ Թուրքիան լքեց նիստերի դահլիճը:
Բաքուն դժգոհ է, որ թուրք քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները միջամտում են Ադրբեջանի ներքին և արտաքին գործերին։ Վերջին ամիսներին Ադրբեջանի արտգործնախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ՝ պատճառաբանելով, որ նրանց հայտարարություններն ուղղված էին երկրի ինքնիշխանության, սահմանադրական կարգի և ղեկավարության դեմ։
Լարվածությունն ավելի սրվեց այս ամսվա սկզբին, երբ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալը քննադատեց Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու կանոնները: Որոշ ժամանակ անց Էրդողանը Սարալին հեռացրեց խորհրդականի պաշտոնից։
Չնայած տարաձայնություններին՝ դիվանագիտական շփումները շարունակվում են․ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:
Ադրբեջանցի վերլուծաբան Ֆարման Այդընը իշխանամետ «AzerNEWS» լրատվամիջոցում հրապարակած հոդվածում ասում է, որ Ալիևի բացակայությունը դեռևս հարաբերությունների խզման ապացույց չէ:
«Կարելի է բաց թողնել մեկ գագաթնաժողով։ Տասնամյակների ընթացքում կառուցված հարաբերությունները չպետք է խզել քաղաքական փոթորկի պատճառով։ Բայց այդ հարաբերությունները նույնպես չպետք է ընկալել որպես ինքնաբերաբար պահպանվող մի բան»,- գրել է Այդընը։
Ի դեպ, տարաձայնություններն ի հայտ են եկել Կասպից ծովի տարածաշրջանը Եվրոպային կապող տրանսպորտային և էներգետիկ նախագծերի համար վճռորոշ պահին։
Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ նվազեցրել է Ռուսաստանի տարածքով անցնող Հյուսիսային միջանցքի նշանակությունը, մինչդեռ ԱՄՆ-Իրան պատերազմը բացահայտել է հարավային էներգետիկ և տրանսպորտային ուղիների խոցելիությունը՝ մեծացնելով Հարավային Կովկասով անցնող այլընտրանքային կապուղիների կարևորությունը։
Եվրամիությունը «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակում առաջնահերթություն է տվել Միջին միջանցքին՝ նշելով, որ 2022 թվականից ի վեր այդ երթուղով փոխադրումների ծավալը քառապատկվել է։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ ենթակառուցվածքներում առնվազն 25 միլիարդ դոլարի ներդրումը կարող է մինչև 2040 թվականն ավելի քան երեք անգամ մեծացնել առևտրի ծավալները և կիսով չափ կրճատել տարանցման ժամանակը։
Միջին միջանցքը Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ձգվող առևտրային ճանապարհ է, որն անցնում է Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով:
Մեկ այլ խոշոր նախաձեռնություն էլ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող TRIPP նախագիծն է՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որի նպատակն է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապել Հայաստանի հարավով՝ հետագայում ապահովելով կապը Թուրքիայի հետ։
ԱՄՆ-ն և Հայաստանը 2026 թվականի հունվարին հրապարակել են նախագծի իրականացման շրջանակային փաստաթուղթ, իսկ հունիսին ստորագրել այն:
Վաշինգտոնի խոսքով՝ նախագիծը կխթանի առևտուրը, կամրապնդի ապրանքների մատակարարման ուղիները և նոր ճանապարհներ կբացի Կենտրոնական Ասիայի, Կասպից տարածաշրջանի ու Եվրոպայի միջև:
Նույնքան կարևոր է նաև էներգետիկ համագործակցությունը: Հարավային գազային միջանցքը, որի մաս են կազմում Հարավկովկասյան գազատարը՝ TANAP-ը և TAP-ը, ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով հասցնում է եվրոպական շուկաներ։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը նույնպես երկու երկրների էներգետիկ համագործակցության կարևոր բաղադրիչներն են:
Հասան Օքթայը կարծում է, որ գործող խողովակաշարերի աշխատանքը դժվար թե խաթարվի, սակայն զգուշացնում է, որ կարող են տուժել ապագա ներդրումներն ու համագործակցությունը։
«Այս նախագծերը հիմնված են երկարաժամկետ առևտրային համաձայնագրերի, միջազգային կոնսորցիումների և ներդրումային լայնածավալ կապերի վրա։ Հետևաբար, դիվանագիտական հարաբերությունների ժամանակավոր սառեցումը դժվար թե ուղղակիորեն խաթարի խողովակաշարերի աշխատանքը», - ասել է նա՝ ընդգծելով՝ նոր ներդրումները, թողունակության ընդլայնումը և էներգետիկ ոլորտում հետագա համագործակցությունը կարող են կախված լինել քաղաքական հարաբերությունների զարգացումից։
Հեղինակ՝ Զամիրա Էշանովա