Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այդ երկրում նշվող հաղթանակի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Էրդողանը պատերազմի արդյունքներն անվանել է «ադրբեջանական պատմական հողերի ազատագրում»՝ հայտարարելով, թե Ադրբեջանի հաղթանակը հպարտության աղբյուր է ողջ թյուրքական աշխարհի համար։
«Մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն այլևս չի ընկալվում որպես հակամարտությունների և անկայունության տարածաշրջան, այլ դիտարկվում է որպես համագործակցության և զարգացման տարածաշրջան», - ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում։
Էրդողանը նաև վերահաստատել է Անկարայի և Բաքվի սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։
Շնորհավորանքը հնչում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։
Երկու երկրների միջև լարվածություն է առաջացել, մասնավորապես, ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների և Իսրայելի հետ Բաքվի սերտ հարաբերությունների շուրջ։ Ալիևն անցած շաբաթ, չնայած Էրդողանի անձնական հրավերին, չէր մասնակցել Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների գագաթնաժողովին։
Մինչ այդ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ նոյեմբերի 8-ին նախատեսում է այցելել Ադրբեջան՝ մասնակցելու հաղթանակի օրվա միջոցառումներին։