Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որն ավելի վաղ քննադատել էր դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի կառավարության որոշումը:
Middle East Eye-ը նշում է, որ Էրդողանն այս քայլին գնացել է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով, որոնք սրվել էին գլխաշորի արգելքի շուրջ վեճի ֆոնին։
Օքթայ Սարալը Middle East Eye-ին հաստատել է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: «Ես բացարձակ հարգանք ունեմ նախագահի որոշման նկատմամբ»,- ասել է նա:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Սարալը դիմումը գրել է նախագահ Էրդողանի կարգադրությամբ:
Երբ շաբաթներ առաջ Ադրբեջանում սկսեցին հիջաբով աշակերտներին և ուսուցիչներին ներս չթողնել դպրոցներ, երկրում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Օքթայ Սարալն այդ ժամանակ դատապարտել էր Բաքվի այդ որոշումը՝ հայտարարելով, որ գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի խոչընդոտումն անընդունելի է: «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ ետ կկանգնի այս սխալից», - գրել էր նա:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները ևս քննադատել էին Ադրբեջանի որոշումը: Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը պատասխանել էր թուրքական կողմի քննադատությանը, նաև թուրք պաշտոնյաների հայտարարությունները համարել միջամտություն իր ներքին գործերին:
Middle East Eye-ը նշում է, որ Անկարան փորձում է համոզել Ալիևին մասնակցել այս շաբաթավերջին Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Երկու առաջնորդների միջև հինգշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահականների տարածած հաղորդագրություններում ասվում էր, որ Էրդողանը Ալիևին հրավիրել է գագաթնաժողովին, սակայն ոչ մեկում չէր նշվում, թե արդյոք նա կմասնակցի։
Ըստ աղբյուրի՝ թուրք պաշտոնյաները մտահոգված էին, որ Ալիևը, որը զայրացած էր Թուրքիայում գլխաշորի արգելքի դեմ բողոքի ցույցերից, կարող է բաց թողնել գագաթնաժողովը։
Middle East Eye-ն անցյալ շաբաթ հաղորդել էր, որ Ադրբեջանը պահանջել է, որ Անկարան Սարալին հեռացնի աշխատանքից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկի Ալիևին սոցցանցերում վիրավորած անձանց:
Ադրբեջանի արտգործնախարարությունը երկրի իշխանությունների մասին սոցցանցերում մեկնաբանություններ արած Թուրքիայի 31 քաղաքացու արդեն ներառել է անցանկալի անձանց ցուցակում, նրանց արգելվում է մուտք գործել Ադրբեջանի տարածք: Ադրբեջանը նաև Թուրքիայի 7 քաղաքացու ձերբակալելու օրդեր է տվել ու հետախուզում հայտարարել: