ԵՄ-ը պատժամիջոցներ սահմանեց «Յաբլոկո»-ին հետապնդած դատավորների, Թաթարստանի ղեկավարի դեմ

«Յաբլոկո»-ի գործով դատական նիստ Ռուսաստանի գերագույն դատարանում, օգոստոս, 2026թ.

Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ Պետդումայի ընտրություններին «Յաբլոկո»-ի մասնակցությունը թույլ չտալու, այդ կուսակցության ղեկավար Լև Շլոսբերգի նկատմամբ կայացված դատավճռի, ինչպես նաև ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան ապօրինի տեղահանման համար:

Պատժամիջոցների մի փաթեթը վերաբերում է Ռուսաստանի տասը քաղաքացիների՝ «Յաբլոկո»-ի և կուսակցության ներկայացուցիչների վերաբերյալ որոշումներ ընդունած դատավորների և դատախազների նկատմամբ սահմանափակող միջոցներին: Նրանց թվում են ՌԴ Գերագույն դատարանի դատավորներ Վյաչեսլավ Կիրիլովը, Իգոր Զինչենկոն, Դենիս Տյուտինը, ինչպես նաև պետական մեղադրողը, Շլոսբերգին 11 տարվա ազատազրկման դատապարտած Պսկովի քաղաքային դատարանի դատավոր Վիկտորիա Մալյամովան և դատախազ Աննա Գորյաչևան, Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանի դատավոր Էլինա Բաբայանցը և Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի շրջանային դատարանի դատավոր Ելիզավետա Տրուսկալենկոն:

«Յաբլոկո»-ն Պետդումայի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններից միակն էր, որը դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին:

Երկրորդ փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ տասը ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման և Ռուսաստան հարկադիր տեղափոխման, գաղափարական մշակման և ռազմականացված դաստիարակության համար:

Պատժամիջոցների է ենթարկվել, մասնավորապես, Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը. ռուսաստանյան այդ հանրապետության «Միրաս» ճամբարում ուկրաինացի երեխաների են տեղավորել:

Ցուցակում ընդգրկված իրավաբանական անձանց թվում է Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեն, «Սոնդովոն» մանկական ճամբարը Հյուսիսային Կորեայում, ՌԴ նախագահի գործերի վարչության «Ռադուգա» մանկական առողջարարական կենտրոնը և այլ մանկական կենտրոններ ու ճամբարներ, այդ թվում՝ բռնակցված Ղրիմում: