Ռուսաստանում, բռնակցված Ղրիմում և Հյուսիսային Կորեայում մանկական ճամբարները, ինչպես նաև ռուսական բանակի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կրթության համար պատասխանատու պաշտոնյաները կարող են հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների տակ, հայտնում է «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի բաժնի վերլուծաբան Ռիկարդ Յոզվյակը։ Համապատասխան փաստաթղթի պատճենը հասանելի է դարձել խմբագրությանը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, մասնավորապես, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել «Ռադուգա» մանկական առողջության կենտրոնի դեմ, որը Ռուսաստանի նախագահի գույքի կառավարման վարչության մաս է կազմում: Հաստատությունը գտնվում է Ղրիմում: ԵՄ-ի տվյալներով՝ «Ռադուգան» ընդունում է ուկրաինացի երեխաների՝ Կիևի կողմից չվերահսկվող տարածքներից:
Երեխաների համար նախատեսված ծրագիրը ներառում է ռուսական դրոշի բարձրացման ամենօրյա արարողություն, Ռուսաստանի պատմության դասեր, ռազմական սպորտային մրցումներ և ռազմական թեմաներով էքսկուրսիաներ: ԵՄ-ն ճամբարի գործունեությունն ուկրաինացի երեխաների ձուլման և գաղափարական ինդոկտրինացիայի քաղաքականության մաս է համարում:
Նախագիծը ներառում է նաև մանկական այլ հաստատություններ, այդ թվում՝ Վլադիվոստոկի «Օվկիանոս» համառուսաստանյան մանկական կենտրոնը, Ռոստովի մարզի «Ռոմաշկա» և «Սպուտնիկ» ճամբարները, Դաղստանի «Սոլնեչնի Բերեգը», Կրասնոդարի մարզի «Վիտան» և «Սիգնալը», ինչպես նաև Ռուսաստանում և Ղրիմում գտնվող մանկական և կրթական կենտրոններ։
Բացի դրանից՝ պատժամիջոցների ցանկում առաջարկվում է ավելացնել Հյուսիսային Կորեայի Վոնսան քաղաքում գտնվող «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարը: Փաստաթղթում այն նկարագրվում է որպես պետական հաստատություն, որը հյուրընկալում է ուկրաինացի երեխաներին բռնակցված տարածքներից: Չնայած ուղևորությունները պաշտոնապես ներկայացվում են որպես մշակութային փոխանակումներ, ԵՄ-ն գնահատում է, որ այնտեղ գտնվող երեխաները ենթարկվում են ռուսամետ քարոզչության և ներգրավված են ռազմականացված ուսուցման տարրեր պարունակող գործողություններում:
Պատժամիջոցները կարող են վերաբերել նաև Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովին։ Փաստաթղթում նա նշված է որպես Ռուսաստանի տարածաշրջանային բարձրաստիճան առաջնորդներից մեկը, որը ներգրավված է ուկրաինացի երեխաների Ռուսաստան հարկադիր տարհանման գործում։ Մասնավորապես, նախագծի հեղինակները մատնանշում են երեխաներին Թաթարստանի «Միրաս» ճամբարում տեղավորելը։
Ցանկում ներառված են նաև Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքներում կրթական համակարգի հետ կապված և Ռուսաստանի կողմից նշանակված մի քանի պաշտոնյաներ: ԵՄ-ն նրանց գործունեությունը կապում է ռուսական կրթական չափորոշիչների, հայրենասիրական ծրագրերի և երեխաների համար ռազմական պատրաստության իրականացման հետ: Ընդհանուր առմամբ, Բրյուսելը պատժամիջոցներ է պատրաստում 1600 անհատի և կազմակերպության դեմ: Սահմանափակումները նախատեսվում է հաստատել հոկտեմբերին:
«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակների լայնածավալ ընդլայնումը Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների ռազմավարության մասն է։ ԵՄ-ն մտադիր է ավելի ու ավելի շատ սահմանափակումներ կիրառել առանձին անհատների և կազմակերպությունների նկատմամբ և պարբերաբար թարմացնել այդ ցուցակները՝ նոր ոլորտային տնտեսական պատժամիջոցներ ընդունելու փոխարեն, ինչն ավելի դժվար է համակարգել ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միջև։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նախորդ՝ 21-րդ փաթեթը հաստատվել էր հուլիսի 23-ին։ Դրանք վերաբերում էին 170 կազմակերպության և 48 անհատի, ինչպես նաև էներգետիկայի և պաշտպանության ոլորտների ռուսական բանկերին և ընկերություններին։ Պատժամիջոցները տարածվել են նաև երրորդ երկրների այն ընկերությունների վրա, որոնք, ըստ ԵՄ-ի, Ռուսաստանին օգնում են շրջանցել գործող սահմանափակումները։
Մոսկվան պատժամիջոցները համարում է անօրինական և պնդում է, որ դրանց ներդրումը չի օգնի լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը։
ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ում և Հյս. Կորեայում գործող մանկական ճամբարների դեմ