Եվրամիությունը ծրագրում է մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման գործում, որը պետք է ուղղակիորեն կապի Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ այսօր ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Դա լինելու է նոր միջազգային նախագիծ փոխկապակցվածության ոլորտում: Այն ուղղակիորեն կապելու է Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային: Մենք այն անվանում ենք Միջին միջանցք», - ասել է ֆոն դեր Լայենը Միությանը հղած իր տարեկան ուղերձում:
Նրա խոսքով՝ այդ նախագծում պետական և մասնավոր ներդրումներ ներգրավելու նպատակով Եվրամիությունը գործարկելու է Global Gateway նախաձեռնությունը:
«Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել երթուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և էականորեն կրճատել տարանցման ժամկետները մինչև 2030 թվականը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Միջին միջանցքը Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումներն ապահովող երթուղիներից է: Ներկայումս այդ ճանապարհը շրջանցում է Հայաստանը, սակայն դրա համատեքստում հաճախ հիշատակվում է TRIPP նախագիծը: Եթե Հայաստանի ապաշրջափակում տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում Միջին միջանցքը կարող է ունենալ երկու զուգահեռ տարբերակ՝ Վրաստանով և Հայաստանով դեպի Թուրքիա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև». Բայրամովը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասինՎաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց. ուր են հասել կողմերը և ինչ հարցեր են դեռ մնում չլուծված Ի՞նչ է ստացել Երևանը 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքիցԹուրքիան «Միջին միջանցքը» առաջարկում է որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք. Financial TimesՏե՛ս նաև այստեղ