ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան «հավատարիմ են Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանը»

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հաստատակամ են Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշխանության պահպանման իրենց հանձնառության մեջ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա X-ում իր գրառման մեջ հայտնել է, որ Գրենլանդիայի շուրջ զարգացումները քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:

«Մենք միշտ պաշտպանելու ենք մեր ռազմավարական տնտեսական և անվտանգության շահերը», - նշել է նա:

ԱՄՆ նախագահը ավելի վաղ հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։

Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ մաքսատուրքը կվերաբերի Դանիային, Նորվեգիային, Շվեդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Միացյալ Թագավորությանը, Նիդեռլանդներին և Ֆինլանդիային և կներառի բոլոր ապրանքները։ Իսկ հունիսի 1-ին այն կբարձրանա մինչև 25 տոկոս։