Ինչպես է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին
Ինչ է պետք իմանալ. Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։
«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։
Ե՛վ Բրյուսելը, և՛ Քիշնևը այդ նախագիծը հաջողված են համարել, և Եվրամիությունն այժմ ցանկանում է նույնն իրականացնել նաև Հայաստանի համար՝ կարևորագույն ընտրությունների շեմին, որոնց վրա, ինչպես սպասվում է, Ռուսաստանը կփորձի ազդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները». ԼավրովՆախապատմություն. Բրյուսելում քննարկումներից ստացված դիվանագիտական նոտաների համաձայն՝ ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում», հավելելով, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի կողմից ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմացմանը»։
«Ազատության» տեղեկություններով՝ ԵՄ անդամ երկրները նաև դիմել են դիվանագիտական կորպուսին՝ արտաքին հարաբերությունների ծառայությանը՝ հորդորելով «շարունակել կապը Ադրբեջանի հետ՝ բացատրելով ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընդգծել խաղաղության գործընթացի վրա բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»։
Բաքուն նախկինում մտահոգություններ է հայտնել ինչպես վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ոչ մահաբեր ռազմական օգնության, այնպես էլ Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելության վերաբերյալ, որը 2023-ից գործում է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ վստահություն կառուցելու և իրավիճակը դիտարկելու մանդատով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանին մատակարարվող զենքն Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում․ ԱլիևՆոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»:
Ըստ մի քանի ԵՄ դիվանագետների, որոնց հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանը, կողմերը նպատակ ունեն առաքելությունը գործարկել մինչև մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը: Դա նշանակում է, որ այս հարցում անհրաժեշտ է որոշում կայացնել մարտ ամսվա ընթացքում, սակայն գործընթացն այնքան էլ հեշտ չէ:
Փաստեր
- Փաստացի, ԵՄ անդամ պետությունները պետք է երկու որոշում ընդունեն՝ մեկը՝ այն տեխնիկապես հաստատելու և մյուսը՝ իրականում գործարկելու համար: Եվ չնայած ոչ ոք դեռևս որևէ կասկած չի հայտնել, դիվանագետները, որոնց հետ կապ է հաստատել «Ազատություն» ռադիոկայանը, նշում են, որ Հայաստանը չունի նույն եվրոպական և միջազգային աջակցությունը, ինչ Մոլդովան, որը պաշտոնապես ԵՄ անդամության թեկնածու է:
- Հունգարիան նախկինում մի քանի անգամ արգելափակել է Հայաստանին վերաբերող ԵՄ որոշումները, հաճախ պնդելով, որ Ադրբեջանին պետք է տրվի այն, ինչ տրամադրվում է Հայաստանին։
- Բրյուսելում՝ դիվանագիտական միջանցքներում, հույս կա, որ այս անգամ Ադրբեջանը կարող է ավելի դրական տրամադրված լինել Հայաստանում ԵՄ նոր առաքելության նկատմամբ, քանի որ այն շաղկապվելու է ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հետ։
- Մեկ այլ հնարավոր խոչընդոտ կարող է լինել ֆինանսավորման հարցը։ Եվրոպացի մի քանի դիվանագետներ նշել են, որ ԵՄ բյուջեն սահմանափակ է, քանի որ Բրյուսելը նաև ձգտում է երկարաձգել կամ հաստատել այլ առաքելություններ՝ Եգիպտոսում, Գազայում, Հորդանանում և Լիբանանում:
- Հաստատման դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում կլինի ոչ մեծաթիվ՝ մի քանի փորձագետներից բաղկացած հիմնական թիմ, անձնակազմի մեծ մասը, մինչդեռ, կլինեն սահմանին դիտորդություն իրականացնող ԵՄ առաքելությունից տեղափոխված աշխատակիցներ, որոնք կաջակցեն այդ փորձագետներին։