Պաշտոնյաները չեն հստակեցնում՝ արդյոք առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ՝ հաջորդ ամսվա սկզբին հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:
«Առանց մեկնաբանությունների, չեմ մեկնաբանում»,- ժամկետներ նշելուց հրաժարվեց ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլև հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
«Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ: Ես ուզում եմ որևէ բան հայտնել, երբ դա տեղի ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Տարեվերջին Երևանն ու Անկարան տեղեկացրին՝ դյուրացնել են վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Զուգահեռ թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Թուրքիա - Հայաստան սահմանին՝ Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքներ են: Անցած շաբաթ արդեն թուրքական պետական «Անադոլուն» հայտնեց՝ անցակետում աշխատանքները գրեթե ավարտված են:
«Ես հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետև թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այդ ժամանակ հայտարարվի, չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ»,- ընդգծեց Ռուբինյանը:
Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն Երևանն ու Անկարան ձեռք են բերել ավելի քան երեք տարի առաջ, երբ դեռ նոր էր մեկնարկել հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդ որում՝ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվեր ամենասեղմ ժամկետում: Բայց եթե այդ ուղղությամբ հայկական կողմը կոնկրետ քայլերի էր դիմում՝ վերանորոգելով և արդիականացնելով Մարգարայի անցակետը, ապա նույն ազդակները չկային Անկարայից:
Թուրքիան ոչ միայն չէր շտապում կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունը, այլև ուղիղ հայտարարում էր՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները փոխկապակցված են: Հաշտեցման հարցով հնարավոր քայլերի մասին Թուրքիայի նախագահը խոսեց անցած դեկտեմբերին, երբ արդեն նախաստորագրված էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը:
Ստացվո՞ւմ է՝ Թուրքիան քայլ արեց, երբ տեղաշարժ նկատեց հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. -«Չեմ կարող ասել՝ կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ է շարժվում»:
Իսկ հնարավո՞ր է՝ երեք տասնամյակ փակ սահմանը բացվի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, այլև կարգավորումը ավելի առարկայական լինի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով.- «Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղը, և հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը: Այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք նաև հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացվելու վերաբերյալ և հույս ունենք, որ շուտափույթ կիրականացվի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիդանի հայտարարությունը՝ ընդդիմություն-իշխանություն նոր հակադրությունների թեմաԹուրքիայի արտգործնախարարն անցած շաբաթ դարձյալ վստահեցրել էր՝ Անկարան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ինչպես նաև կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։ Հաքան Ֆիդանը նաև ասել էր, որ Արդբեջանի արտգործնախարարի հետ մոտ երկու ժամ քննարկել են Վաշինգտոնում անցած շաբաթ ստորագրված «TRIPP» փաստաթղթի մանրամասները, որ հայ-ամերիկյան նախագիծ է: