Դաժան ծեծից հետո՝ մեկամյա փոքրիկի լուռ հուղարկավորությունը

Դաժանաբար ծեծված փոքրիկին՝ մեկամյա Ալեքսին, այսօր հուղարկավորել են Դարակերտ գյուղի գերեզմանոցում: Մարմինը դիահերձարանից միանգամից գերեզմանատուն են բերել, հողին հանձնել՝ առանց հոգեհանգստի, թաղման քահանայական կարգի ու առանց գոնե մեկ հատիկ ծաղկի: Մի քանի հոգով են փոքրիկ մարմինը հողում դրել, հեռացել: Գյուղացիները պատմեցին, որ երեխայի դեմքին ծեծի հետքեր էին, երկար եղունգների ճանկռոցներ:

«Նրան էլ պիտի տանջեն, որ ծեծել ա երեխային: Մի տարեկան երեխան ի՞նչ ա արել իրան, անմեղ երեխա, ինչի են ծեծել, նենց ա վրաս ազդել»,-ասում է գյուղացիներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել

Մարտի 15-ի գիշերն էր երեխան Արաբկիր բուժկենտրոն տեղափոխվել՝ կլինիկական մահ ախտորոշմամբ: 6 օր ապրեց՝ ծեծվելուց հետո: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նրան մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել: Մեղադրյալը երեխայի հոր երկրորդ կինն է, նա երկու ամսով կալանավորված է: Սպանության փորձի հոդվածով քրեական գործ էր հարուցվել: Ալեքսի հարազատ մայրիկը «Ազատությանը» պատմել էր, որ նախկին ամուսնու կինը՝ Ռիման, իր ընկերուհին է, դժվար այդպիսի բան արած լինի.

«Հա, անկեղծ, չեմ տեսել էրեխուն խփի, չնայած չեմ էլ հավատում, որ ինքը կարա արած լինի»,- ասել էր երեխայի մայրը:

Հարցին՝ «բա ո՞վ, ձեր ամուսի՞նը», արձագանքեց. - «Չեմ կարա ասեմ: Կամ կողից ինչ-որ մարդ էկած լինի ... ընկերուհին էլ կարա լինի, բայց իրանից չեմ սպասում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոնց որ հարեմ լիներ». հարևանը՝ ծեծված Ալեքսի խորթ ընտանիքի մասին

Մայրը պնդում էր՝ ամիսներով չի թողել երեխային այդ տանը, միայն այդ օրը կարճ ժամանակով՝ մինչև վարձով տուն գտնի: Իսկ թե ինչ բարքեր էին այն մեկսենյականոցում, որտեղ ծեծված երեխան էր՝ հարևաններն էին պատմել. «Ոնց որ հարեմ լիներ, լրիվ իր կանայք էին, տարբեր կանայք էին, իր նախկին երեխաները»:

Հարևանուհին նկատել էր, որ կալանավորված հարևանուհին ագրեսիվ է եղել սեփական երեխայի հանդեպ. «Այդ կինը մի քիչ տարօրինակ, լիրբ էր, լաչառ էր, ագրեսիվ էր ավելի շուտ, իր երեխային կարար ծեծեր։ Հա, մեկից մեկ ինքը կարող էր ծեծել, որովհետև ինքը իր տղայի ձեռքից բռնած քաշ տալով բերում էր, ջղայնանում էր»։

Երեկ գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով, այն միացվել է սպանության փորձի դեպքով հարուցված քրեական գործին: Ենթադրվում է՝ իրավապահներն այժմ ծնողների պատասխանատվության հարցն են ուսումնասիրում: Իսկ երեխայի պաշտպանության համար նախատեսված պետական համակարգերը այս անգամ նույնպես գործի են անցնում միայն ողբերգությունից հետո: Ծեծված ու սպանված փոքրիկի մայրը ևս երեք երեխա ունի, նրանցից երկուսին մայրն ինքն էր խնամքի հաստատություն տարել մինչև այս դեպքը, իսկ 4.5 տարեկան աղջնակին տատիկն ու քեռին էին խնամում: Լրատվամիջոցների ահազանգից հետո աղջնակին տեղափոխեցին երեխաների աջակցության կենտրոն: Նրան պարբերաբար քեռին է այցելում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեխային սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող կինը կալանավորվեց