Մատչելիության հղումներ

«Ոնց որ հարեմ լիներ». հարևանը՝ ծեծված Ալեքսի խորթ ընտանիքի մասին

Բժիշկները շարունակում են պայքարել 1 տարեկան Ալեքսի կյանքի համար, որը կիրակի գիշերը հիվանդանոց էր տեղափոխվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Իրավապահները հիմա փորձում են պարզել՝ արդյոք կալանավորված խորթ մորից բացի դաժան հանցանքին մեղսակից է նաև հայրը: Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայր ներկայացվող տղամարդն իրականում երեխայի մոր նախկին ամուսինն է:

«Շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին ևս նաև իրավական գնահատական որպես այդպիսին կարողանանք տալ», - ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ըստ իրավապահների՝ փոքրիկին այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Արփինե Սարգսյանն այսօր չբացառեց, որ հնարավոր է մեղադրանք ներկայացվի նաև տղամարդուն:

Ոստիկանությունն ուսումնասիրում է նաև, թե ինչ պայմաններում է բնակվել երեխան, և արդյոք այդ ընտանիքում անառակաբարո բարքեր են եղել. «Ես էլ մեր մասով՝ համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե՞ ոչ, և եթե որևէ խախտում հայտնաբերվի այս դեպքում իմ պատասխանատվության տիրույթում, այսինքն՝ ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան ուշացնել չի տա»:

Երեխայի կենսաբանական մայրը 26 տարեկան է, ունի 4 երեխա, նորից հղի է: Նա «Ազատությանը» պատմել էր, որ տղային թողել է նախկին ամուսնու մոտ, որ վարձով տուն գտնի: Դատախազության փոխանցմամբ, սակայն, երեխան այդ մարդկանց մոտ բնակվել է առնվազն երեք ամիս, տղայի նկատմամբ բռնությունը հենց նրանց վարձով բնակարանում է եղել: Հարևանն այսօր պատմեց, որ նրանք այդտեղ մոտ մեկ տարի առաջ են տեղափոխվել:

Ներկայանալ չցանկացող հարևանուհին պնդեց, թե երեխայի՝ կասկած հարուցող լացի ձայն չի լսել: Բայց անցած մեկ տարում հաճախ է այդ տնից աղմուկ-աղաղակ դուրս եկել. «Քանի անգամ ես լսել եմ երեխայի լացի ձայն, բայց որ ամուսիններով իրենք շատ անհաշտ էին, նույնիսկ մի օր աղջիկս բարձրացրել էր, դուռը խփել, որ մեր տանը լսվում է»:

Կնոջ տպավորությամբ՝ դրկիցները մեկ սեփական երեխա ունեն, բայց փոքր ընտանիքում միշտ այլ կանայք են եղել, որոնք իրեն ներկայացվում էին որպես այդ տղամարդու ընկերուհիներ, նախկին կանայք: Երեխաներով գալիս էին, օրերով բոլորով բնակվում մեկ սենյականոց տանը. «Ոնց որ հարեմ լինեմ, լրիվ իր կանայք էին, տարբեր կանայք էին, երեխաները»:

Նա նկատել է, որ կալանավորված հարևանուհին ագրեսիվ է եղել սեփական երեխայի հանդեպ. «Այդ կինը մի քիչ տարօրինակ, լիրբ էր, լաչառ էր, ագրեսիվ էր ավելի շուտ, իր երեխային կարար ծեծեր։ Հա, մեկից մեկ ինքը կարող էր ծեծել, որովհետև ինքը իր տղային ձեռքից բռնած քաշ տալով բերում էր, ջղայնանում էր»։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի համար աներկբա է՝ տղամարդը ևս պետք է կանչվի քրեական պատասխանատվության:

«Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում վտանգի մեջ թողնելու համար, ուղիղ մատնանշում է կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանների վիճակում մարդուն թողնելու մասին։ Իսկ երեխան, առավել ևս, որը գտնվում է նման վտանգավոր պայմաններում, կրկնակի խոցելի է այդ հանցագործության համատեքստում», - ասաց նա:

Երեխան պետք է լիներ պետական կառույցների ուշադրության ներքո, նկատում է փորձագետն ու ընդգծում, նրանք ակնհայտորեն թերացել են. «Միանշանակ մենք այստեղ ունենք տարբեր մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու գործընթաց, և ամենակարևորը՝ այստեղ մենք ունենք համագործակցության բացակայություն»։

Դաժանաբար ծեծված փոքրիկ Ալեքսի մայրը ժամանակին մեծ՝ զույգ երեխաներին հանձնել է խնամքի հաստատություն, որտեղից էլ պետությունը նրանց տեղափոխել է խնամատար ընտանիքներ: Մասնագետի խոսքով՝ այս իրավիճակում, երբ մայրը երրորդ երեխային էլ տեղափոխել էր գյուղ՝ իր մոր տուն, իսկ Ալեքսին էլ թողել նախկին ամուսնու մոտ, կինը պետք է գտնվեր համայնքի խնամակալության և հոգաբարձուների մարմնի ուշադրության ու հսկողության տակ:

Մանկաբույժը ևս պետք է հետևողական լիներ, ասում է Թումասյանը. «Երկրորդ խնդիրը, որը մենք այստեղ ունենք, համագործակցությունն է սոցիալական մարմինների և ոստիկանության միջև։ Այսինքն, եթե ինքնին այդ ընտանիքում կա անձ, որը ընտանեկան բռնություն է գործադրել, կամ չգիտեմ, ինքը նույն այդ կանանց հետ ինչ-որ անկանոն նաև բռնության և տարբեր ինչ-որ սպառնալիքների դրվագներ են հիմա բարձրաձայնվում, այդ ամեն ինչի շրջանակներում պետք է արդեն հասկանալ, որ սա երեխայի համար բարենպաստ միջավայր չէ, և տեղեկատվության փոխանցման արդյունքում պետք է գործառույթն իրականացվի, և երեխան այդ ընտանիքից վերցվի միանշանակ»։

Փորձագետի կարծիքով՝ բացի պետական կառույցներից, կարևոր է նաև հասարակության դերը, որ չլռեն, չսպասեն՝ դանակը հասնի ոսկորին, ահազանգեն ոստիկանություն, որ հնարավոր լինի կանխել այս ողբերգությունները:

XS
SM
MD
LG