Դատարանը մեկ ամսով երկարացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:
Ըստ մեղադրանքի՝ կալանքի տակ պահվող Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքը անհիմն է համարում:
Այսօր մեկնարկած դատական նիստում դատախազը միջնորդել էր երեք ամսով երկարացնել Մկրտիչ սրբազանի կալանքը՝ պնդելով, թե կա ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կազդի վկաների վրա:
Փաստաբան Ռոման Ահարոնյանն էլ հակադարձել էր դատախազին, պնդել, որ առաջին իսկ կալանքի հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաները։ «Հիմա, երբ գործը դատարանում է, տեսնում ենք, թե ինչ ապացույցներ են։ Մեղադրանքի կողմը խաբել է դատարանին, թե գործ ունեն անելու, կորզում են կալանքը։ Սրբազանն ապօրինի կալանքի տակ է։ Դատակոչված չէ ոչ մի վկա, ո՞ւր են այդ վկաները», - նշում էր փաստաբանը, շեշտելով՝ կալանքն անհապաղ ենթակա է վերացման:
Դատարանը մեկ ամսով երկարացրեց Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը։ Դատարանը թույլատրեց քահանային մասնակցել պատարագներին՝ բացառելով շփումն այլ անձանց հետ։
Տեր Գարեգինը մեղադրվում է Մկրտիչ սրբազանին օժանդակելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստըՄկրտիչ սրբազանի գործը՝ դատարանում, փաստաբանը մեղադրանքն անհիմն է համարումԱրագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեցՄանրամասները տե՛ս այստեղ