Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և նույն թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանի դատավարությունը։
Ըստ մեղադրանքի՝ կալանքի տակ պահվող Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքը անհիմն է համարում:
Տեր Գարեգինը մեղադրվում է Մկրտիչ Սրբազանին օժանդակելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:
Այս գործով տուժող են Արամայիս Թախմազյանը՝ կարգալույծ հռչակված Տեր Թադե քահանան և Ստեփան Ասատրյանը՝ կարգալուծ հռչակված Տեր Արամը: Նրանք չեն ընդունում կարգալուծության վճիռը:
Այսօրվա դատական նիստում դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարացնել Մկրտիչ սրբազանի կալանքը՝ պնդելով, թե կա ռիսկ, որ ազատության մեջ գտնվելով Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կազդի վկաների վրա:
Փաստաբան Ռոման Ահարոնյանը հակադարձեց դատախազին։ Պնդեց, որ առաջին իսկ կալանքի հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաները։ «Հիմա, երբ գործը դատարանում է, տեսնում ենք, թե ինչ ապացույցներ են։ Մեղադրանքի կողմը խաբել է դատարանին, թե գործ ունեն անելու, կորզում են կալանքը։ Սրբազանն ապօրինի կալանքի տակ է։ Դատակոչված չէ ոչ մի վկա, ո՞ւր են այդ վկաները», - ասաց փաստաբանը, շեշտելով՝ կալանքն անհապաղ ենթակա է վերացման, չկա այլ խափանման միջոցի կարիք: