Ավելի քան 5 տարի Բաքվի բանտում անցկացրած Դավիթ Դավթյանի հայրն այսօր երեկոյան վերջապես կգրկի որդուն։
«Միշտ սպասել եմ լավ լուրի, ամեն րոպե սպասել ենք, ամենակարևորը, որ երեխեքը եկել են, հասել այստեղ: Աստված տա՝ բոլոր գերիները գան, հասնեն իրենց տներ, ուրիշ ցանկություն ես չունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Ադրբեջանական բանտերից Երևան կհասնեն 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքյանը։ Այս տեղեկությունը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը փոխանցեց։ Հայ գերիները Հակարիի կամրջով են Հայաստան մտել, դեռ Երևան չեն հասել։ Փաշինյանը նրանց առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալ էր ներկայացրել։
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար», - նշել էր նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորս գերի է վերադարձել Հայաստան. վարչապետԶուգահեռ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հայ գերիների վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։
Վերադարձված 4 գերիներից երեքը՝ Սուջյանը, Դավթյանը և Էուլջեքյանը, գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին ու 11-ին՝ Շուշի ուղևորվելիս։ Որ քաղաքն արդեն ադրբեջանական հսկողության տակ է, պաշտոնական Երևանը չէր հաղորդել։ Անտեղյակ այս խաղաղ բնակիչներին Ադրբեջանի իրավապահները քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ էին վերագրել՝ լրտեսությունից մինչև ահաբեկչություն։ Իսկ Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր հենց այն ճանապարհին, որով վերադարձավ Հայաստան՝ Հակարիի կամրջի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքըԴուստրը՝ Վերա Խաչատրյանը, բառեր է փնտրում ուրախությունն արտահայտելու համար. «Երջանիկ եմ, զգացողություններս փոխանցել հնարավոր չէ, կցանկանամ բոլորի ընտանիքներում այդ պահերն ապրեն, ովքեր դեռ չեն վերադարձել: Վստահ եմ, որ բոլորն էլ վերադառնալու են»:
Վագիֆ Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս Կարմիր խաչի մեքենայով։ Բաքվի ուժայինները նրան իջեցրին մեքենայից ու տարան՝ Մեշալիի ցեղասպանություն վերագրելու։ Վագիֆ Խաչատրյանն այսօր «Նորք Մարաշ» բուժկենտրոն է տեղափոխվելու՝ 2023-ի հուլիսին նախատեսված սրտի հրատապ միջամտությունն ի վերջո իրականացնելու։ Նրա վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ։ Բաքվի բանտից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։ Դուստրը պատմում է՝ միայն մի անգամ է կարողացել խոսել հետը, հույս տվել, որ տուն է գալու։
Սիրիացիները վերադարձվել են Սիրիա
Ինչի՞ դիմաց են ազատ արձակվել 4 հայ գերիները. Բաքվի բանտերում պահվող տասնյակ գերիներ մինչև այժմ հայրենադարձվել են քաղաքական տարբեր պայմանավորվածությունների շրջանակում։ Այսօր Արդարադատության նախարարությունը հաղորդեց՝ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիներ՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Արցախցի զինվորականներն էին գերեվարել սիրիացի այս երկու վարձկաններին։
Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 44-օրյայի ընթացքում այս վարձկաններին առաջարկվել էր 2 հազար դոլար։ Նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։
Անհամաչափ գործարք է. իրավապաշտպան
Որ այս վարձկաններին հայ գերիների հետ փոխանակելու հարցը քննարկվում է, դեռ մեկ ամիս առաջ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր հայտնել։ Այն, որ գերիների վերադարձի ու այս վարձկանների վերաբերյալ հաղորդագրություններն առանձին են, ոչ մի կապ չունի, ասում է Սահակյանը։
«Մենք դեռևս 2025-ի դեկտեմբերին խոսեցինք այն մասին, որ թուրքական որոշ և սիրիական շրջանակներ հետաքրքրված են այս անձանցով, որոնք պահանջված անձինք են և մեծ արժեք են ներկայացնում հետաքրքրված շրջանակների կողմից, և բանակցում են այս անձանց վերադարձը Սիրիա հայ ռազմագերիների վերադարձի դիմաց»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում բանտարկված սիրիացի վարձկանների փոխանակումը՝ քննարկման առարկաԱյն, ինչ տեղի ունեցավ այժմ, իրավապաշտպանը համարում է անհամաչափ գործարք։ Հայաստանում պատիժ կրող վարձկանները հանցագործներ են, իսկ Բաքվի բանտերում պահվող հայերը ապօրինի էին այնտեղ։ Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ սիրիացի վարձկանների լծակը հայկական կողմը կարող էր ավելի արդյունավետ օգտագործել։
«Երկու վարձկանների հանձնման դիմաց հայկական կողմը գոնե տասնյակից ավելի հայ բանտարկյալների պետք է կարողանար վերադարձնել: Ադրբեջանական կողմն առողջական խնդիրներ ունեցող անձանց պատասխանատվությունը փոխանցեց հայկական կողմին», - նկատեց իրավապաշտպանը:
Հայ գերիները ոչ թե մարդասիրական տրամաբանությամբ, միջազգային իրավունքի հիման վրա են հայրենադարձվում, այլ գործարքների, շեշտեց Սիրանուշ Սահակյանը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ըստ նրա, այս պահին գործարքի միակ առարկան։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ևս 19 հայ գերի։ Իրավապաշտպանը ենթադրում է՝ Բաքվի բանտերից վերջինը դուրս կգան Արցախի ռազմական ու քաղաքական առաջնորդները։
«20 թվականի գերեվարվածներին, ում առնչությամբ կան դատապարտման դատավճիռներ, որից հետո մենք ակնկալում ենք, որ հունվար-փետրվար ամիսներին կունենանք Ռուբեն Վարդանյանի և 15-ի գործով դատավճիռները, սրանից հետո, իմ գնահատմամբ, կհայրենադարձվեն 23 թվականի 8 հայերը, որոնք մարտական գործողությունների զոնայում էին հայտնվել, և ամենավերջում, իհարկե, նախկին ղեկավարները, որոնց խնդիրը, կարծում եմ, ավելի բարդ է և մեծ շահարկումների, չարաշահումների առարկա է դառնալու», - նշեց նա: