Չեղարկվել են այսօր՝ օրվա երկրորդ կեսին նախատեսված Հալեպ- Երևան ու հակառակ ուղղությամբ՝ Երևան- Հալեպ չվերթները:
Թռիչքներն իրականացնող Fly Cham-ի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ այսօր նախատեսված թռիչքները հետաձգվել են Հալեպում տիրող իրավիճակով պայմանավորված: Օդանավակայանը, ըստ նույն աղբյուրի, այսօր՝ մինչև կեսգիշեր փակ է լինելու:
Ասացին՝ եթե իրավիճակն ամբողջությամբ կարգավորվի, թռիչքները նախատեսում են իրականացնել հաջորդ երեքշաբթի՝ հուվարի 13-ին:
Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպեցին փախչել՝ այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին:
Հաղորդվում է, որ բախումների հետևանքով 21 զոհ կա: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան «վերադառնալ և վերսկսել իրենց բնականոն կյանքը անվտանգության և կայունության մթնոլորտում»։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ մոտ 16,000 մարդ է փախչել:
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ հալեպահայերի տների վրա հրասանդեր են ընկել, վնասները նյութական են, տուժածներ չկան: Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, նախօրեին հայտնել է «Գանձասար» հանդեսը: