Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անպատասխան թողեց «Ազատության» հարցը, թե հնարավո՞ր է նախընտրական այս փուլում նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դադարեցնի բարեգործությունները:
Նախօրեին Հակոբյանն իր էջում էր անդրադարձել պնդումներին, թե «Իմ քայլն» ընտրություններին ընդառաջ զբաղվում է արգելված բարեգործությամբ և քարոզչությամբ։
«Հիմնադրամի որևէ ծրագիր նման նպատակ չի հետապնդում և որևէ քաղաքական ընտրության հետ չի կապվում»,-վստահեցրել էր փետրվարի վերջին վարչապետից բաժանվելու մասին հայտարարած և վերջերս վերամիավորված Հակոբյանը:
Վարչապետի տիկնոջ հետ համամիտ է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Արթուր Նահապետյանն այսօր ևս հայտարարել է, որ հիմնադրամի գործունեության վերաբերյալ որևէ վարույթ չկա: Թեև հենց ինքն էր ամիսներ առաջ ասել, որ ուսումնասիրում են ընդդիմության ահազանգերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՊՊԾ աշխատակիցներով շրջապատված Աննա Հակոբյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԻ տարբերություն իրավապահների՝ «Անկախ դիտորդ» դաշինքը վարչական իրավախախտումներ է արձանագրել և արդեն դիմել դատարան։ Նրանք պահանջում են 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի փոխանցամբ՝ իրենք քարոզչության ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացվում են իշխող քաղաքական ուժի հետ։ Իսկ այս պարագայում բարեգործությունը նախընտրական շրջանում օրենքի խախտում է համարվում:
«Ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը և այլն, այսինքն՝ այս ամբողջի համադրության մեջ այդ ասոցացումն է, բայց փաստեր, որ այդ ծառայությունները կամ գործողությունները, որ իրականացվել են, ներառել են իրենց մեջ քարոզչություն, ներառել են կուսակցության օգտին ինչ-որ գործունեություն, ոնց որ չունենք, - «Ազատությանն» ասաց նա, - Ակնհայտ է չէ՞, որ «Իմ քայլը» հիմնադրամ երևույթը առանձնացնել «Քաղաքացիական պայմանագրից» շատ արհեստական է, ու չեմ պատկերացնում՝ դա ոնց էր կատարվելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետական դրաման՝ Երևանից Գյումրի և անդինԱննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի գործունեությունում դիտորդների հայտնաբերած խախտումներն անվճար ծրագրերի ու նվերների մասին են: 20 ընտանիքները կստանան ջերմատներ՝ սածիլներով, սերմերով, ջրի բաքով, տաքացուցիչներով, ֆիթնես մարզիչների որակավորման դասընթաց, որի ծախսերի մեծ մասը կհոգա հիմնադրամը, անգլերենի դասընթաց, Սյունիքի դպրոցների աշակերտներին «Ագրոպոլիա» ուսուցողական սեղանի խաղի հանձնում:
Եվ թեև կա բարեգործության արգելքի խախտում, դիտորդներն այստեղ հանցակազմ չեն գտել:
«Անկախ դիտորդի» մեկ այլ անդամ Դանիել Իոաննիսյանը բացատրում է, թե ինչու չեն դիմել իրավապահներին քրեական գործ հարուցելու պահանջով, այնպես, ինչպես իրավապահները վարույթ հարուցեցին ու ձերբակալեցին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանին: Դիտորդի պնդմամբ՝ կա էական տարբերություն:
«Ասոցացված հիմնադրամների կողմից բարեգործության իրականացումը վարչական իրավախախտում է, իսկ թեկնածուների, վստահված անձանց և կուսակցության անդամների կողմից իրականացվող բարեգործությունը՝ քրեական, - նշեց նա, - Քրեականի դեպքում պետք է լիներ թեկնածու, վստահված անձ կամ կուսակցության անդամ, որը կիրականացներ բարեգործություն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել․ ըստ փաստաբանի՝ ձերբակալված էՍամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Գոհար Ղումաշյանին ձերբակալեցին, ապա մեղադրանք առաջադրեցին բարեգործության արգելքը խախտելու համար։ Ղումաշյանը պնդում է, որ գործել է «Անմահ գունդ» կազմակերպության անունից, որը տարիներ շարունակ նվերներ է հանձնում վետերաններին։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ չկա հատված, որտեղ Ղումաշյանը քարոզչություն է անում կամ քվեի դիմաց նվեր խոստանում. «Ձայնագրության մեջ ես խոսում եմ տիկին Ռոզալյայի ծննդյան նվերի մասին, բայց իմ իրավաբաններն ինձ խորհուրդ չտվեցին, որ ես նրան նվիրեմ ո՛չ հեռուստացույց, ո՛չ էլ գումար»:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանն ընդգծում է՝ սա խտրական արդարադատության օրինակ է, և որքան քարոզարշավը մոտենա, իրավապահներն էլ ավելի կոշտ միջոցների կդիմեն:
«Ինձ համար տվյալ դեպքում՝ որպես կարելի է ասել անաչառ դիտորդ, պարզ է, որ այստեղ հենց խտրական արդարադատության հետ մենք գործ ունենք, և նույն այդ կնոջ նկատմամբ այդ քայլերով փորձում են վախ առաջացնել մյուսների մոտ», - նշեց նա «Ազատության» հետ զրույցում:
Եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, Աննա Հակոբյանին սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով։