Մատչելիության հղումներ

Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել․ ըստ փաստաբանի՝ ձերբակալված է

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը այսօր բերման է ենթարկվել կուսակցության գրասենյակից։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանի տեղեկություններով՝ Ղումաշյանը ձերբակալված է:

Մելոյանը գործի մասին միայն հայտնեց, որ խոսքը բարեգործության արգելքի մասին է՝ առանց մանրամասների: Նա փոխանցեց, որ Ղումաշյանը նորածին երեխայի կերակրող մայր է: Գոհար Ղումաշյանը երեք երեխաների մայր է, փոքրի 2 ամսականը դեռ չի լրացել:

«Ակնհայտ ապօրինի, անհիմն գործ է, իշխանության վախի դրսևորում», - պնդեց Մելոյանը:

Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Մամիկոն Ասլանյանի տեղեկություններով՝ իրավապահների ձեռքի տակ ենթադրաբար Ղումաշյանի և մի գործարանատիրոջ զրույց է, որտեղ ասվում է, որ եթե «Ուժեղ Հայաստան»-ը հաղթի, գործարանը կունենա պատվերներ, շատ աշխատանք: «Զավեշտ է», - գնահատեց Ասլանյանը:

«Մեծ Հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնա Ադրբեջան», - արձագանքել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, թե ընտրությունների նշանակվելուց հետո, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների մարտին «բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնք ձերբակալվել են։

Հակակոռուպցիոնը, սակայն, հաղորդագրությունում ձերբակալվածների ինքնությունը չի նշում:

Այսօր հարցաքննության է հրավիրվել նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը: «Հավանաբար այլ հանգամանքներ են, նույն գործը չէ», - ասել է կուսակցության խոսնակը:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG