Աննա Հակոբյանը երկու ճամպրուկով ու շուրջ մեկ տասնյակ արկղերով հեռանում է վարչապետական առանձնատնից դեպի վարձով տուն:
Այսօր վաղ առավոտյան նա տեսագրություն է տարածել, որ երկու օր առաջ է նկարահանվել, այստեղ հայտարարում է Նիկոլ Փաշինյանից բաժանվելու մասին: 10 օր առաջ էլ էր Հակոբյանը իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին գրել, այդ ժամանակ շատերը ենթադրեցին, թե նրանք պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը:
Հիմա Հակոբյանը հավաքած իրերն է ցույց տալիս, ասում՝ սերը խոսելով չէ. «Չեմ ուզում ասել՝ սիրում եմ բոլորիդ, որովհետև, իմ կարծիքով, սերը մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ»:
Նիկոլ Փաշինյանը մի կարճ գրառմամբ հայտնել՝ Աննայի որոշմանը վերաբերվում է հարգանքով. «Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։
Վարչապետի արդեն նախկին կինը հրաժեշտի տեսանյութում փորձում է օրինակներով համոզել, որ հեռանում է այնպես, ինչպես եկել էր, առանց դղյակների, միլիոնանաոց հաշիվների ու թվանոց զարդերի. քարտին ընդամենը 5 միլիոն դրամ կա:
«Իմ քարտին կա գումար «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից ու եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացելիս երևում է՝ 5 միլիոն դրամ», - նշել է Աննա Հակոբյանը:
Տուփերով զարդեր է նվեր ստացել, հանձնում է պետությանը, ինչպես նաև այն հագուստը, որ կրել է արարողակարգային տարբեր միջոցառումների ժամանակ: Դրանց մի մասը խիստ քննադատության էր արժանացել, այստեղ Հակոբյանն արդարանում է՝ փող չի ունեցել, հայ դիզայներներն են նվիրել կամ ժամանակավոր հագուստ տվել իրեն. «Այս տարիների ընթացքում բառիս բուն իմաստով աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում տարբեր կերպ ներկայանալու համար: Եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել կամ վրդովեցրել են, կներեք»:
Պետական պահպանությունից էլ է հրաժարվում Աննա Հակոբյանը, խնդրում՝ չվիրավորել իրեն, եթե մենակ զբոսնելիս տեսեք: Եվ քանի որ տուն, փող չունի, ցանկանում է պահպանել աշխատանքը «Իմ քայլը» հիմնադրամում. «Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը բավարար չէ սրա համար: Բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի ու լրագրողի միջև ունեցած հարցուպատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն»:
Օրեր առաջ ընդդիմությունն էր ահազանգել, որ «Իմ քայլը» հիմնադրամը անգլերենի անվճար դասեր է խոստանում՝ սա համարում են ընտրություններից առաջ բարեգործության արգելքի խախտում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասել էր՝ ուսումնասիրում են հարցը: Այսօր կոմիտեից տեղեկացանք Աննա Հակոբյանին առնչվող քրեական գործ չկա:
«Սա սերիալ է, արցունքներով նայեցի», «շոուի նոր սեզոնի եթերաշրջանը համարում ենք բացված», «կլոունադա է», «Ձեր կամքը ամուր է քարից էլ», - կարդում ենք բաժանվող զույգի մեկնաբանություններում:
Շատ են չկողմնորոշվածները. խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ այս դրաման իրակա՞ն է, թե՞ բեմադրված:
Հեղափոխության օրերից մինչև 44-օրյա պատերազմ, «Կրթվելը նորաձև է» շարժում
Հանրությունը Աննա Հակոբյանին ճանաչեց հեղափոխության օրերեին, նա ամուսնու կողքին էր, իսկ երբ Փաշինյանն անազատության մեջ էր, ինքն էր հարթակ բարձրանում:
Առաջին տիկնոջ կարգավիճակում, սակայն, Հակոբյանը հաճախ էր քննադատության թիրախում հայտնվում. թիվ մեկ օդանավի ակտիվ ուղևոր լինելը դրանցից մեկն էր:
Քննադատություններն ակտիվացան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետո: Միանշանակ չէր ընկալվում առաջին տիկնոջ նախաձեռնած «Էրատո» կանանց ջոկատը, որ մարտական դիրք էր պահպանում նույնիսկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:
Արցախի շրջափակման ցրտաշունչ օրերին Աննա Հակոբյանը ինստագրամի իր էջում Reel էր տեղադրել, մոմերի, բուխարու ջերմության ներքո ֆուտբոլի աշխարհի առաջնությանն է հետևում, դատարկ խանութների ու սովի օրերին վարչապետի կինը իրենց աճեցրած բանջարեղենի, ապա ապուրի լուսանկարներ էր հրապարակում:
Վերջին տարում առաջին տիկինն ակտիվ քարոզում էր գիրք կարդալ ու կրթվել՝ իր նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում: Այստեղ էլ անսպասելի բառապաշար էր ընտրում հանրությանը դաստիարակելու համար՝ «էշ», «ոջիլ», «ինտելեկտուալ ղզիկներ», հիմնավորում էր. «Ես շարունակում եմ առաջարկել ու հուսալ, որ մեր հանրային խոսքի որակը կփոխվի, մակարդակը հատակից կբարձրանա: Քանի դեռ այս առաջարկը ծաղրի ու հայհոյանքի է արժանանում, պատասխանը կլինի համարժեք»:
Հետո արդեն ամենակոշտ՝ «սրբապիղծ» ու «մանկապիղծ» բառերով միացավ ամուսնու հակակաթողիկոսական արշավանքին՝ հընթացս Չինական փիլիսոփայություն էր սովորում Պեկինի համալսարանում:
Վարչապետական զույգը վերջին անգամ միասին էր փետրվարի 15-ին: Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանայի՝ Ստեփան Ասատրյանի պատարագին էին մասնակցում: Տարածված պաշտոնական լուսանկարներից ոչ մեկում նրանք նույն ուղղությամբ չեն նայում: