«Բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է ՀՀ-ում». Պապիկյան

Հայաստանի պաշտպանական գերատեսչության թիվ մեկ պատասխանատուի՝ Սուրեն Պապիկյանի համար նորություն է, որ բանակում սպանությունների, ինքնասպանությունների ու առհասարակ մահվան դեպքերի համար հատկապես իրեն են մեղադրում։

«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Պապիկյանը։

Մեղադրանքներից զարմացած Պապիկյանը չի կարող գնահատել՝ ի՞նչն է պատճառը, որ բանակում վերջին մեկ ամսվա ընթացքում չորրորդ զինվորի անշնչացած մարմինն են հանձնել ընտանիքին, ինչո՞ւ է ինքնասպանությունների ու սպանությունների վիճակագրությունն աճում։

Վերջին ութ ամսվա ընթացքում ծառայության հետ կապված 14-րդ մահվան դեպքը երեկ արձանագրվեց։

«Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ՝ որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն», - այսօր հայտարարեց Պաշտպանության նախարարը։

Պապիկյանն ու վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում մեղավորներին էին փնտրում, երբ նորից լուր տարածվեց՝ դիրքերում զինվորի մարմին են գտել։ Դեպքը Սյունիքի զորամասերից մեկում է եղել։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարության լրատվականից հայտնեցին, որ 37-ամյա պայմանագրայինի մահվան պատճառը ծառայության հետ կապ չունի։ Թե ինչի՞ հետ կապ ունի, լռում են նաև Քննչական կոմիտեում։ Քրեական գործ է հարուցվել ու դեռ ոչինչ հայտնի չէ։

«Բնականաբար, որպես պաշտպանության նախարար ես իմ պատասխանատվության մասնաբաժինը ունեմ, բայց դրա մասնաբաժինը ունեն նաև նրանք, ովքեր այդ քրեական ենթամշակույթին, բայց միշտ չի, որ քրեական ենթամշակույթի մասին է խոսքը, եկեք ակցենտը միայն դրա վրա չդնենք, որ դրան վերաբերվում են թողտվությամբ, մատների արանքով են նայում այդ երևույթներին», - այսօր հավելեց ռազմական գերատեսչության ղեկավարը։

«Հանգիստ, զուսպ, կիրթ տղա էր». Էդգար Գևորգյանը չորս ամիս անց զորացրվելու էր

Ժամկետային զինծառայողի սպանության վերջին դեպքը երեկ է եղել Վայքի զորամասում։ 22-ամյա Էդգար Գևորգյանի մարմինն են գտել հրազենային վնասվածքով։

Էդգար Գևորգյանը չորս ամիս անց զորացրվելու էր։ Հարազատները ուշքի չեն գալիս այս լուրից։ Հանգիստ, զուսպ, կիրթ տղա էր, միշտ հիացնում էր, «Ազատությանը» պատմեց բարեկամուհին։ Վերջին անգամ ժամկետային Գևորգյանը արձակուրդ է եկել հուլիսին՝ իր տարեդարձի առթիվ։ Ծառայությունից դժգոհություններ չեն լսել։ Էդգարի եղբայրն էլ է այս զորամասում ծառայում։ Սպանության պատճառների մասին մանրամասներ չգիտեն։ Հարուցված քրեական գործով մեկ հոգի է կալանավորվել։ Ծառայակի՞ցն է, թե՞ հրամանատարական կազմից, իրավապահները նույնիսկ սա չեն հայտնում:

«Նախ մենք պետք է առերեսվենք, թե ինչի հետ է կապված։ Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստնում քնելու պրոբլեմի հետ», - ըստ վարչապետի, բանակում սպանությունների պատճառներից մեկն էլ սա է, ոչ կանոնադրային հարաբերություններով է լուծվում հերթապահության ժամանակ քնող զինվորի հարցը:

Վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից ոչ թե խոսեց այդ բարքերին տուրք տվող զինվորականների ու հրամանատարների անգործությունից, այլ մեկնաբանեց քնելու պատճառները:

«Եվ հիմա այդ պրոբլեմն ավելի է սրվել, գիտե՞ք՝ ինչի, որովհետև երբ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ մտավախություն ուներ, որ կարող է եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի։ Հիմա գիտեն, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի, միջավայրի, զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, ովքեր պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում», - ասում է վարչապետ Փաշինյանը։

Գլխավոր պատասխանատուն նախարարն է և պետք է հրաժարական տա. իրավապաշտպան

«Ձեր վրա է իջել խաղաղությունը, որևէ մեկը խաղաղության զգացում չունի։ Շատ թեթև է տանում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը այս մահվան դեպքերը։ Զինծառայողը ոչ մի արժեք չունի, ընդհանրապես մարդը որևէ արժեք չունի այս իշխանության համար»,- իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ 90-ականներից ուսումնասիրում է զինվորների մահվան պատճառները, շարունակ պնդում է՝ բանակում տիրող բարքերի գլխավոր պատասխանատուն նախարարն է ու պետք է հրաժարական տա:

«Մարդ պետք է պատվի, արժանապատվության զգացում ունենա, որ հրաժարական տա։ Մեկ ամսում չորս զոհ, էլ չեմ ասում բռնություններով զուգորդված և շարունակում է ծառայել, որ ի՞նչ անես։ Պապիկյանը ոչ մի կապ չունի բանակի հետ, մարդկանց հետ, զինվորի հետ, որևէ առնչություն չունի։ Բայց, քանի որ, Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ավելի բարձր է դասում, քան մեր Զինված ուժերը, ինքը դրա համար այնտեղ նախարար է»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հրաժարականի մասին լրագրողներն էլ հարցրին Սուրեն Պապիկյանին, բայց նա դեպքերի տատանվող վիճակագրությամբ էր փորձում հիմնավորել, որ նախարարի փոփոխությունը նշանակություն չունի։ Նույնի օրոք էլ պատկերը կարող է տարբեր լինել։

Ահագնացող վիճակագրությունից, վարչապետի ու նախարարի մեկնաբանություններից իրավապաշտպան Ալեքսանյանը համոզվել է՝ նրանք չեն պատկերացնում, որ մարդիկ իրենց որդիներին պետությանն են վստահում ու պատասխանատու են յուրաքանչյուրի կյանքի համար։

«Այս մարդիկ բացարձակ չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը կյանքերի համար։ Սպանվում են զինծառայողները ժամկետային և դատարաններում հայտնվում են էլի ժամկետային զինծառայողները։ Կարծես այդ բանակը վերնախավ չունի, զինվորական ղեկավարություն չկա», - ընդգծեց իրավապաշտպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ահավոր քաոսային վիճակ էր». ո՞ւմ հրամանով և ինչո՞ւ էին ուշ ժամի զինվորները զորամասից դուրս՝ ավտոճանապարհին վազում

Պաշտպանության նախարարն այսօր Ազգային ժողով էր եկել բանակում մահվան դեպքերի կրճատ վիճակագրությամբ։ Միայն սպանությունների, ինքնասպանությունների թվերով։ Նրան զայրացրել են լրատվամիջոցների հրապարակումները, որ վերջին ութ ամսվա ընթացքում բանակում արձանագրված մահվան բոլոր դեպքերն են, Պապիկյանի թվերից երկու անգամ ավելի։

«Մենք գործ ունենք տասնյակ հազարավոր անդամներ ունեցող համակարգի մասին, որտեղ ծառայում են 18-ից մինչև 65 և ավելի նույնիսկ երբեմն տարիք ունեցող մարդիկ, ովքեր ունեն հիվանդություններ՝ սրտանոթային, տառապում են այլ հիվանդություններով, մեքենա են վարում, վթարվում են, վիրավորվում են և մահանում են»,- լրագրողների հետ զրույցում ասում է պաշտպանության նախարարը։

Այս տարի 30-ից ավելի զինծառայող է մահացել, 14-ը ծառայության հետ կապված։ Մեկ ամիս առաջ Ճամբարակի զորամասում հայտնաբերվեց 20-ամյա Նարեկ Թորոսյանի մարմինը։ Նրա մահվան գործով երկու զինծառայող է կալանավորվել։ Օրեր առաջ Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին վթարից մահացավ զինծառայող Սուրեն Վարդանյանը, որ մեկ ամիս էլ չկար ծառայում էր։ Այս վթարից տուժած մյուս զինծառայողները հոսպիտալում են։ Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը փոխեց Ռազմական ոստիկանության պետին։ Ակտիվացավ նախարարի ֆեյսբուքյան էջը, որ այցելում է զորամասեր, ինչպես ինքն է պնդում՝ կարգապահությունը բարձրացնելու համար։