Բաքվից վերադարձած հայ գերիներից Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում է: Այս մասին լրագրողներին հայտնեց քիչ առաջ այստեղ ժամանած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ Խաչատրյանն այս պահին հետազոտությունների փուլում է, մասնագետները հավելյալ հետազոտություններից հետո որոշում կկայացնեն բուժման հետագա ընթացքի մասին:
«Այս պահին ամեն ինչ լավ է: Նրա վիճակն այս պահին իր խրոնիկ վիճակի հետ կապված նորմալ վիճակում է: Տրամադրությունը լավ է, վիճակը լավ է: Պինդ է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը: Երջանիկ է, ուրախ է, իր խոսքերն են, «որ Հայաստանում եմ, լավ եմ»», - նշեց նախարարը:
Խաչատրյանը 2023-ի հուլիսին Արցախից Հայաստան էր տեղափոխվում սրտի հրատապ միջամտություն իրականացնելու։ 70-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ Ադրբեջանում։ Բաքվի բանտից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։
Հայաստան վերադարձված չորս գերիների առողջական վիճակը բավարար է, հավելեց Անահիտ Ավանեսյանը:
Ադրբեջանական բանտերից այսօր Վագիֆ Խաչատրյանից բացի, Երևան են վերադարձել Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը և Վիգեն Էուլջեքյանը։ Այս տեղեկությունը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը փոխանցեց։ Նիկոլ Փաշինյանը նրանց առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալ էր ներկայացրել, թե Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվել էր բավարար:
Վագիֆ Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս Կարմիր խաչի մեքենայով։ Բաքվի ուժայինները նրան իջեցրել էին, մեղադրանք առաջադրել: