Երեկվանից իրավիճակը Սիրիայում կտրուկ սրվել է. Ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ է: Համայնքում մեծ անհանգստություն է, առավոտից սննդի, դեղորայքի պաշար են կուտակում՝ պատրաստվելով հնարավոր երկարաժամկետ զարգացումների:
«Խառնաշփոթ վիճակ է քաղաքում, պատրաստվում ենք, որ բոլորը տունը լինեն, ամեն ինչ պատրաստ լինի», - ասաց Հալեպում բնակվող Անի Պողիկյանը:
Հալեպի «Գանձասար» հանդեսի խմբագրի դուստրը՝ Անի Պողիկյանը հայտնեց, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկն արդեն վերածվել է ապաստարանի, բախումների հարևանությամբ բնակվող հայերին, եթե չեն ցանկանում տանը մնալ, առաջարկվում է եկեղեցի տեղափոխվել:
«Եթե բժշկական օգնության կարիք ունենան, դարմանատունը կապահովի», - ասաց նա:
«Ազատության» հարցին՝ հայերի շրջանում տուժածներ կա՞ն, Անի Պողիկյանը պատասխանեց. «Տեղեկություն չունենք»:
Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ գրասենյակը չեն փակելու, կընդունեն դիմումներ: Հայազգի տուժածների մասին չի հաղորդվել:
Սիրիայի պետական աղբյուրները հաղորդում են, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ: Կառավարական ուժերի և քրդերի առաջնորդած դեմոկրատների միջև հրադադար էր հաստատվել, որի ավարտին, սակայն, պարզ դարձավ, որ կողմերը համաձայնության չեն եկել: Այսօր արդեն բանակը մինչև ժամը 15-ը ժամանակ տվեց քրդերի վերահսկած շրջանների խաղաղ բնակիչներին հեռանալու համար: Դատելով կադրերից՝ մարդիկ զանգվածաբար լքում են բնակավայրերը՝ օգտվելով միջանցքից: Գործողությունները համակարգող Ֆայսալ Ալին ասել է, որ անում են ամեն ինչ, որ խաղաղ բնակիչները չտուժեն:
«Քաղաքացիական պաշտպանության ուժերը զգոն են անցակետերում, որտեղից ընտանիքները մեկնում են: Մենք նրանց անվտանգ տեղափոխում ենք ուր ուզում են, այդ թվում՝ ապաստարաններ», - նշել է Ֆայսալ Ալին:
Վերջնաժամկետի ավարտին արդեն Սիրիայի բանակը հաղորդեց քրդաբնակ թաղամասերի ռմբակոծությունը սկսելու մասին: Դամասկոսը քրդական դեմոկրատական ուժերի բոլոր դիրքերն այսուհետև համարում է օրինական ռազմական թիրախներ: Ընդ որում, կողմերը միմյանց են մեղադրում բռնությունների համար, քրդերը համոզված են, որ Սիրիայի նոր իշխանությունները ցեղասպանական պատերազմ են հրահրում, կառավարական ուժերը պնդում են, որ Դեմոկրատական շարժումն է թիրախավորում խաղաղ բնակիչներին: Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո քրդական հարցը Սիրիայում դեռ հիմնական բաժանարար գծերից է:
Քրիստոնյա հայերը անցած մեկ տարում զգուշավոր սպասման մեջ են ապրում: Հայերին տները լքելու հորդոր առայժմ չի տրվել: