ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը լարված անցավ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյան, կոլաժ,18-ը օգոստոսի, 2026թ.

Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկումների ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց, երբ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը ահաբեկչության փորձի համար մեղադրվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին համեմատեց ահաբեկչության մեջ մեղադրվող «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ:

Գալստյանը իր ելույթում հոգևորականին ու այս գործով անցնող մյուս 17-ին «անմեղներ» էր անվանել, նրանց մեղադրանքը՝ քաղաքական հակառակորդներին լռեցնելու քայլ, իսկ նրանց մասնակցությամբ ձայնագրությունները՝ մոնտաժված ու մոլորեցնող:

«Ուղղակի ես անթույլատրելի եմ համարում Բագրատ արքեպիսկոպոս սրբազանի կոնտեքստում Ուսամա բեն Լադենի, էս երկուսի համեմատությունը, ես կարծում եմ, բացարձակապես կոռեկտ չի, և դուք նաև վիրավորում եք ինձ՝՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հավատացյալի», - հայտարարեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

«Առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում էդ երկու անձանց մեջ, ու իմ՝ նաև որպես քրիստոնյա հայի, կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը իրեն պահում է մոջահեդի պես, քիչ է մնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի», - արձագանքեց ԱԺ փոխխոսնակը:

«Չափավորե՛ք». - տեղից հակադարձողը դաշնակցական Գեղամ Մանուկյանն էր:

Իշխանություն-ընդդիմություն հակադարձումները շարունակվեցին, երբ թեման կրկին բացեց «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը:

«Աբսուրդը նաև հասել է նրան, որ քիչ առաջ էստեղից ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնող մարդը սրբազանի շինծու գործը համեմատում է Ուսամա բեն Լադենի հետ: Իմիջիայլոց, Ուսամա բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել են գրեթե 3 հազար մարդ, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2 հազար ավել մարդ: Ուսամա բեն Լադենին սպանել են ու շպրտել են մի տեղ օվկիանոսում՝ առանց գերեզման թողնելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը մինչև հիմա իշխանություն է», - հայտարարեց Քոչարյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Ուսամա բեն Բադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է», - Հայաստանի երկրորդ նախագահի որդուն հակադարձեց Ալեքսանյանը:

«Պարոն Ալեքսանյան, էդ զուգարանի դեպքը հիշելուց առաջ ամեն անգամ հիշեք Պռոշյանում Սոնա Մնացականյանի դեպքը, երբ որ երկրի ղեկավարը տեսնում է, որ կինը ընկած է գետնին, և նույնիսկ բուժօգնություն չեն ցուցաբերում», - իր հերթին, ասաց «Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանը:

Քաղաքական հետապնդումներ, գաղտնի նկարահանումներով ու զանգվածային գաղտնալսումներով մասնավոր կյանքի անձեռնմխելիության համատարած խախտումներ, ոստիկանական ուժի անհամաչափ կիրառություն ընդդիմախոսների նկատմամբ, դատական համակարգի կախվածություն իշխանությունից, կալանքի անհամաչափ կիրառություն, խնդիրներ խոսքի ազատության ոլորտում. այս ամենը թվարկելով՝ Լիլիթ Գալստյանն իր ելույթում հայտարարեց՝ անպատժելիության մթնոլորտ է, երկրում կատարվողը աղերս չունի ժողովրդավարական ու իրավական պետության հետ: Հղում արեց միջազգային գնահատականներին:

«Նախընտրական շրջանում ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների կալանավորումներն ու քրեական հետապնդումները՝ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյան, Սամվել Կարապետյան, Չալաբյան, Թևանյան, Ծառուկյան, ի՞նչ են, եթե ոչ ակնհայտ քաղաքական բռնաճնշումներ և հալածանքներ, որոնք իրենց բացասական հետևանքները ունեցան ընտրական արդյունքի վրա», - պնդեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

«Քաղաքացիական պայմանագրից» Ալխաս Ղազարյանը Լիլիթ Գալստյանից փաստեր պահանջեց՝ միջազգային ո՞ր կառույցն է փաստել, որ Հայաստանում կան քաղհալածյալներ:

«Ձեր իշխանության օրոք է փաստվել, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ: Համենայն դեպս, նման փաստ հիմա դուք չեք կարող ներկայացնել», - ասաց Ղազարյանը:

Լիլիթ Գալստյանը հղում արեց քաղաքական բանտարկյալի չափանիշները սահմանող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևին, որ տարիներ առաջ է ընդունվել:

«Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը երկակի ստանդարտներով է իրականացվում:

«Նիկոլ Փաշինյանը կարող է ամբիոնին կանգնել, ասել՝ «ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ», բայց վստահաբար դա բացառապես այն մարդկանց է վերաբերում, ովքեր իր համակիրներն են: Որովհետև երբ որ պտտվում ու տեսնում է, որ իր համակիրը չի, ասում է՝ «դու ինչո՞ւ չես զոհվում», «ես ձեզ հլը կսատկացնեմ», «գետնին կպառկացնեմ», - նշեց Գրիգորյանը:

Մինչ ընդդիմադիրները պնդում էին՝ Լիլիթ Գալստյանը բոլորի շահերն է պաշտպանելու, իշխանության մի շարք ներկայացուցիչներ քննադատում էին դաշնակցական թեկնածուին, նրանց թվում՝ Արփինե Դավոյանը:

«Դուք պաշտպանում եք Գալստանյանին, դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած մարդուն՝ անունը չեմ տալի, որ մի քանի հոգի չոգևորվեն, չթխկխկացնեն: Այս հանձնաժողովը պիտի պաշտպանի նաև ձեր նման աշխարհայացք ունեցող մարդկանից մարդկանց», - պնդեց Դավոյանը:

Ընտրել-չընտրելու որոշումը իշխանությունը կկայացնի, երբ ավարտվեն բոլոր 12 հանձնաժողովների նախագահների թեկնածության քննարկումը, ևս երեքինը դեռ առջևում է:

Եթե իշխանությունն իր թեկնածուներին ընտրելու համար ընդդիմության ձայների կարիքը չունի, ապա առանց «Քաղաքացիական պայմանագրի» աջակցության ընդդիմադիրները չեն կարող ընտրվել:

Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու իրավունքը ՔՊ-ինն էր, նրանց թեկնածուն Լուսինե Բադալյանն է:

Այսօր հանգուցալուծվեց այս օրերի ինտրիգներից մեկը՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց արցախցի Արեգա Հովսեփյանի թեկնածությունը:

«Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է դառնա խորհրդարանում գործադիր իշխանության շարունակություն, ոչ էլ միջանձնային և միջկուսակցական պայքարի ևս մեկ հարթակ: Ես այն տեսնում եմ որպես պրոֆեսիոնալ խորհրդարանական կառույց, որի գործունեությունը պետք է առաջին հերթին ծառայի Հայաստանի Հանրապետության շահերին», - հայտարարեց թեկնածուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. Ռուբինյանն ու Կարապետյանն զգուշացումներ են ուղղում միմյանցԼիլիթ Գալստյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի երկրորդ ընդդիմադիր թեկնածուի հարցը Իշխանություն-ընդդիմություն հակադարձումները շարունակվում են, «Ուժեղ Հայաստանը» ներողություն չխնդրեցԴավիթ Ղազինյանն առաջադրվեց տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնումԻրավիճակը ԱԺ-ում լարվեց Ղազարյանի ելույթից և Կոնջորյանի արձագանքից հետո