Ազգային ժողովը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանին։
Գալստյանն իր հիմնական ելույթի զգալի մասը նվիրեց Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ կոշտ քննադատելով իշխանություններին։ Նա խոսեց քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների, դատական համակարգի անկախության և ոստիկանության գործողությունների մասին։
«Ինձ ճանաչում են նախորդ գումարումից և քաջատեղյակ են այն ծանր գնահատականներին, որոնք հնչեցրել եմ մարդու իրավունքների համատեքստում», - հայտարարեց Գալստյանը՝ պնդելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը «ոչ մի աղերս չունի ոչ իրավական, ոչ ժողովրդավարական պետության հետ»։
Իր գնահատականները հիմնավորելու համար ընդդիմադիր պատգամավորը վկայակոչեց նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Freedom House-ի զեկույցները՝ պնդելով, որ դրանք ևս արձանագրում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։
Դատական համակարգի անկախության մասին խոսելիս Գալստյանն անդրադարձավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործին։ Ըստ նրա՝ սա քաղաքական հակառակորդներին լռեցնելու փորձ է։ «Քաղաքական հակառակորդներին լռեցնելու, հրեշայնացնելու բացահայտ դիտավորություն, մոնտաժված հիմքեր, անմեղության կանխավարկածի ոտնահարում», - հայտարարեց նա։
Գալստյանն անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումներին՝ իշխանություններին մեղադրելով եկեղեցու գործերին միջամտելու մեջ։ Նրա գնահատմամբ՝ պետությունն այս հարցում հակասահմանադրական կեցվածք է որդեգրել՝ փորձելով որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին։
Գալստյանը քաղաքական ճնշումների համատեքստում հիշատակեց նաև նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներն ու կալանավորումները՝ նշելով Սամվել Կարապետյանի, Ավետիք Չալաբյանի, Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի անունները։ Նրա պնդմամբ՝ այս գործընթացներն ազդեցություն են ունեցել նաև ընտրությունների արդյունքների վրա։
Անդրադառնալով ոստիկանության աշխատանքին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը պնդեց, որ համակարգում շարունակում է գործել անպատժելիության մթնոլորտ։ Նրա խոսքով՝ մ«ինչև 2025 թվականը որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել խաղաղ ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնությունների կամ լուսաձայնային նռնակների ապօրինի կիրառման համար»։
Ընդդիմադիր թեկնածուն հայտարարեց նաև, որ ընտրվելու դեպքում հանձնաժողովում իր աշխատանքի առաջնահերթություններից է լինելու արցախահայության իրավունքների պաշտպանությունը։