ԿԸՀ-ն թույլ տվեց մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջնորդած «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2005թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին:

Գլխավոր դատախազությունն առայժմ չի բացահայտել, թե ինչ հոդվածով են ցանկանում մեղադրանք առաջադրել խորհրդարան անցած ընդդիմադիր դաշինքի առաջնորդին, որը որպես պատգամավորի թեկնածու՝ անձեռնմխելիություն ունի:

Փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատությանը» հայտնեց, որ քրեական հետապնդումը հարուցված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով:

Գործը, ըստ Օրբելյանի, վերաբերում է 2004 թվականին, այսինքն՝ Քոչարյանի նախագահության ընթացքում կառավարության մի որոշման ու դրան հաջորդած գործարքներին:

«Ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված՝ հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքված փաստաթղթերին և վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կառավարության նիստով, որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն: Հետագայում արդեն, երբ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում և այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել՝ բավականին մեծ գումար վճարելով, ... և ինչ-որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ», - ներկայացրեց Օրբելյանը։

Խոսքը, ըստ փաստաբանի, վերաբերում է «Մաստեր կլաս» թենիսի տարածքին»։

«Հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում՝ իր գումարներով, այդ անձը կա, ռեալ է։ Համապատասխանաբար՝ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, երբ որ մենք դիտարկենք, ակնհայտորեն կեղծված թվերով, եթե հաղորդագրություն տարածել են կամ չէ, կասեն 12 միլիոն դրամով գնել են մի միլիարդ, չգիտեմ ինչքան, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր կա, ներդրումային ծրագրի արդյունքում պարտավորություններ է ստանձնել ներդրողը», - ընդգծեց նա:

Արամ Օրբելյանը հայտարարեց՝ «ես դա համարում են փոխկապակցված քաղաքական գործընթացների հետ և բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում»:

«Հիմա այդ հարցը ես բարձրաձայնելու եմ՝ ինչի՞ են այս պահին հիշել, որովհետև իրենք կպատմեն՝ «դե ուսումնասիրեցինք, եկանք, նոր գտանք»: ... Մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով՝ հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են», - նշեց փաստաբանը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ-ն քննարկում է ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ դատախազության միջնորդություններըԴատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ