Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքի կաթոլիկ եկեղեցուն պատկանող տարածքում վաղը հրավիրվելիք եպիսկոպոսական ժողովը վերածվեց եպիսկոպոսական հավաքի: Ժողով լինել չի կարող, որովհետև եկեղեցու կանոնական դավանաբանական որոշումներ ընդունող այս մարմինը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ նա շաբաթ օրը մեղադրյալ դարձավ՝ երկրից բացակայելու արգելքով:
«Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություններ է անում, և հավաքը կարող է իր քննարկումների եզրակացությունները բերել Մայր Աթոռ, որոշումներ չեն կայացնում, վճիռներ չեն կայացնում», - ասաց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նաթան սրբազանն ինքն էլ մեկնել չի կարող, նա Մայր Աթոռի ևս 5 միաբանների հետ մեղադրյալ է նույն՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու քրեական վարույթով, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսին է վերաբերվում: Նա Փաշինյանի հակակթողիկոսական արշավին միացած սրբազանաներից է: Դատարանում վիճարկել էր իրեն պաշտոնից հեռացնելու Մայր Աթոռի վճիռը, դատարանը վերականգնելու որոշում էր կայացրել, Էջմիածինը, սակայն, նրան ոչ միայն չվերականգնեց, այլև կարգալույծ հռչակեց՝ հիմնավորելով, աշխարհիկ դատարանի գործը չէ թեմի առաջնորդի աթոռի հարցը: Այս պահին հայաստանյան եպիսկոպոսների մեծ մասը մեղադրյալ է, Ավստրիա են մեկնել միայն Արարատ ու Դանիել սրբազանները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը՝ մեղադրյալ«Այսօր հավաքվում ենք, արդեն մի 20 եպիսկոպոս եկել է, մնացածի սպասում ենք օրվա ընթացքում», - նշեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյան:
Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տիրան սրբազանը Վիեննայից տեղեկացրեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունից երկու եպիսկոպոսներ են մասնակցելու, Պոլսո պատրիարքարանից՝ մեկը, իսկ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը պատգամ է ուղարկել: Եթե եպիսկոպոսական ժողովը ձախողված չլիներ, այսօր Վիեննայում նվիրապետական աթոռների առաջին դեմքերը պիտի լինեին:
«Վեհափառն այնտեղ չի, մյուս գահակալներն էլ այնտեղ չեն լինի, ամեն բան պայմանավորված է իրարով», - նշեց Նաթան արքեպիսկոպոսը:
Նաթան արքեպիսկոպոսի տեղեկացմամբ՝ իրենք, բացակայելու արգելքով հայաստանում մնացած միաբանները Ավստրիայի հավաքին հեռավար էլ չեն մասնակցելու:
Միացյալ Նահանգներից դեպի Վիեննա ճանապարհին է Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից միակը, որ հայտարարել էր՝ ժողովին մասնակցելու է և այժմ էլ ըստ հայրապետական պատվիրակ Տիրան սրբազանի՝ պլանը չի փոխվել, թեպետ ժողովը հավաք է դարձել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Ավստրիայում կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովինԱվստրիայում եպիսկոպոսական ժողով հրավիրելու որոշումը Մայր Աթոռը հիմնավորել էր հնարավոր ճնշումներից միաբաններին հեռու պահելու ցանկությամբ, վարչապետ Փաշինյանը Վեհափառին մեղադրանք առաջադրելու հենց նախորդ օրն էր կոշտ հակազդեցություն խոստացել, որովհետև, ըստ նրա, Հայաստանից դուրս ժողով հրավիրելու նպատակը կաթողիկոսությունը դուրս տանելն է:
«Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է, և ես դա թույլ չեմ տալու: Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն: Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է, Էջմիածնի գանձերի հետ միասին, մենք դա թույլ չենք տալու», - ասել է Փաշինյանը:
Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենն արձագանքեց. «1441-ից, երբ վերստին Մայր Աթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է՝ Հայաստանում ՝, և հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում»:
Նաթան արքեպիսկոպոսը ցնորամտություն է որակում այն, որ հայաստանից դուրս ժողով հրավիրել չէին կարող, աթոռը տեղափոխելու վերաբերյալ մտքերը՝ Բուլգակովի ու Մարկեսի գրչին արժանի: Վարչապետ Փաշինյանը որևէ փաստ չի ներկայացրել, որ էջմիածնականները կաթողիկոսական գահը տեղափոխելու միտք ունեն:
«Իսկ փաստեր ընդհանրապես կա՞ն», լրագրողի հարցին ի պատասխան իշխող թիմից Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ եթե ասել է՝ ուրեմն կան:
«Կան հիմնավորումներ, այն էլ ինչ հիմնավորումներ կան, դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք», - ասաց Հավհաննիսյանը:
Եպիսկոպոսաց ժողովը տապալված է, Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ մեղադրյալ: Քննչական՝ հարցաքննության հրավիրվե՞լ է:
«Ոչ, իրենք են եկել», - պատասխանեց Նաթան արքեպիսկոպոսը:
Կեսօրին Գարեգին երկրորդը վեհարանի բակում էր, բայց դարպասներին չմոտեցավ: Այսօր Մեծ Պահքն է սկսվում: Վեհափառը ջերմեռանդ աղոթելու, կենցաղում չափավոր լինելու ու մեր նմանի հանդեպ ներողամիտ լինելու ուղերձ է հղել: