Աթոռ նետելուց տասն օր անց. Խորհրդարանական մենամարտը՝ առանց քննության

Խորհրդարանի ծեծկռտուքից տասն օր անց էլ իրավապահները ոչ վարույթ են նախաձեռնել, ոչ էլ պարզաբանել, թե ինչու չեն քննում իշխանություն-ընդդիմություն խորհրդարանական մենամարտը, որի ընթացքում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ էր շպրտել ընդդիմադիրների ուղղությամբ:

Վարչապետը երեկ բռունցքների անցած պատգամավորների անձեռնմխելիությունը շեշտադրեց, իսկ միջադեպի օրը ոչ միայն աջակցել, այլ նաև ողջունել էր թիմակիցներին՝ պնդելով, թե առաջինը ընդդիմությունն էր սկսել:

Բայց Փաշինյանի բացատրությունները չեն համոզել ավելի քան տասը հասարակական կազմակերպությունների, որոնք դատապարտել են խորհրդարանում «ֆիզիկական բռնության և խուլիգանական դրսևորումներն» ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Գլխավոր դատախազություն:

«Օրինակ՝ նույն Վահագն Ալեքսանյանը, որը աթոռով փորձում էր հարվածել մեկ այլ պատգամավորի, ենթադրաբար, դա կարող էր հանգեցնել առողջությանը վնաս պատճառելուն, և մենք գլխավոր դատախազին ենք դիմել, որ ուսումնասիրի տվյալ դեպքը», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշընլի» իրավական հարցերով փորձագետ Անուշ Հակոբյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշընլի» նախաձեռնած հայտարարության մեջ քաղհասարակության ներկայացուցիչներն ընդգծում են՝ պատգամավորական մանդատը բռնության և անպատժելիության արտոնություն չէ:

Կազմակերպության իրավական հարցերով փորձագետի խոսքով, տեսագրություններից ակնհայտ է՝ քաղաքական բանավեճը վերածվել է ֆիզիկական բռնության, ու իրավապահները պարտավոր են քննելու ու պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին: Հակոբյանը թվարկում է միջազգային փորձը, երբ, չնայած անձեռնմխելիությանը, պատգամավորներն իրենց խուլիգանական արարքների համար պատժվել են:

Իրավապահների արագ արձագանքի օրինակներ կան. 44-օրյա պատերազմին անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը Պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիայից հետո կալանավորվել էր խուլիգանության հոդվածով, քանի որ, ըստ գործի, զայրույթի պահին ձեռնափայտը ճոճել էր օդում ոստիկանների ուղղությամբ:

Կամ էլ ամիսներ առաջ անմիջապես ձերբակալել էին անչափահաս Դավիթ Մինասյանին, որը ձեռքն էր բարձրացրել վարչապետի ուղղությամբ: Պատարագի մասնակցող դպրոցականը վրդովվել էր Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից. այժմ գործը դատարանում է խուլիգանության ու վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու հոդվածներով:

Հայտարարությանն ու դատախազության դիմումին միացած «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական փորձագետ Աննա Մելիքյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նմանատիպ ցանկացած միջադեպի մասնակիցներ հիմնականում պատասխանատվության են ենթարկվում: Այդ դեպքում ինչո՞ւ են իրավապահներն աչք փակել օրեր շարունակ հանրության քննադատության թիրախում հայտնված պատգամավորների վրա:

«Վստահ եմ՝ այն չի վրիպել նաև իրավապահ մարմինների տեսադաշտից, իրենք կարող էին ու պետք է իրենց նախաձեռնությամբ հարուցեին վարույթ: Սա կլիներ կարևոր ազդակ հանրությանը, որ ֆիզիկական բռնությամբ հարցեր լուծելն ընդունելի չէ», - ասաց Մելիքյանը:

Մելիքյանը վկայակոչում է օրենքը. հրապարակայնացված ծեծկռտուքի դեպքում իրավապահները կարող են սեփական նախաձեռնությամբ վարույթ նախաձեռնել՝ չսպասելով կոնկրետ հաղորդման:

Իրավապահներին կաշկանդե՞լ է Փաշինյանի աջակցող արտահայտությունը

Քաղհասարակությունն իր հայտարարությամբ մտահոգվում է վարչապետի՝ միջադեպը խրախուսող և հովանավորող արձագանքի համար, ընդգծում՝ խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը ևս պետք է զբաղվի այս հարցով ու կարգապահական պատասխանատվության ենթարկի իրավախախտներին: Արդյոք իրավապահներին կաշկանդե՞լ է Փաշինյանի աջակցող արտահայտությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Աթոռով ա, ինչով ա, համարժեք ա ու ճիշտ ա». Փաշինյանը պաշտպանում է թիմակիցներին, ծաղրում ընդդիմադիրներին

«Կարող է տպավորություն ստեղծվել անկախ դիտորդի մոտ, որ, այո, ինչ-որ չափով կաշկանդված է իրավապահ համակարգը լինում և՛ գործելու, և՛ չգործելու իմաստով: Մենք ունեք ինչ-որ պրակտիկա, երբ վարչապետի ասվածը ընդունվում է կա՛մ հորդոր ինչ-որ գործողություն անելու, կա՛մ էս դեպքում՝ չանելու», - նշեց Աննա Մելիքյանը:

«Ազատությունը» հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչո՞ւ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքով չհետաքրքրվեցին:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում թեև այս միջադեպին ուղիղ չէր անդրադարձել, բայց շեշտել էր՝ իրենք գործում են ոչ թե ընտրողական մոտեցմամբ, այլ ըստ միջադեպերի առանձնահատկությունների ու ամենևին էլ չեն առաջնորդվում ի շահ իշխանականների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը ողջունեց կուսակիցներին. Իրավապաշտպանը հիշեցնում է՝ բռնությունն արդարացնելը քրեորեն պատժելի է «Խառը մարտեր» ԱԺ-ում. պատգամավորները դարձյալ բռունցքներին դիմեցին, Վահագն Ալեքսանյանը աթոռ շպրտեց