Մատչելիության հղումներ

«Աթոռով ա, ինչով ա, համարժեք ա ու ճիշտ ա». Փաշինյանը պաշտպանում է թիմակիցներին, ծաղրում ընդդիմադիրներին

Ազգային ժողովում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջև տեղի ունեցած սկանդալային ծեծկռտուքից հետո վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե թեև դատապարտում է բռնությունը, բայց աջակցում ու ողջունում է իր կուսակիցների գործողությունները:

«Աթոռով ա, թե ինչով ա, համարժեք ա ու ճիշտ ա», - հայտարարեց Հայաստանի վարչապետը, ում կուսակիցները ընդամենը ժամեր առաջ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի միջոնցերը խստացնող օրենք էին ընդունել:

Նախքան ճեպազրույցը ևս Փաշինյանը պաշտպանել էր թիմակիցներին և ծաղրել ընդդիմությանը. - «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ»,- գրել էր նա:

Այսօր իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում մեծ ծեծկռտուք սկսվեց խորհրդարանում, պատգամավորները բռունցքներով ու ոտքերով մոտ կես ժամ հարվածում էին իրար ու գոռգոռում: ԱԺ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ:

Ավելի ուշ տեղի ունեցածի մեջ ԱԺ խոսնակը մեղադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, մինչդեռ լրագրողների հետ զրույցում ընդդիմությունը պնդում էր, որ «հենց Ռուբեն Ռուբինյանը թույլ տվեց, որ իր թիմակից Չախոյանը կռիվ հրահրի»։

Փաշինյանի գրառման տակ առաջին մեկնաբանությունները թողել են հենց այսօրվա վեճի գլխավոր հերոսները։ ԱԺ խոսնակը իր հիասթափությունն է հայտնել՝ գրելով. - «Ես էլ եմ շատ հիասթափված»։ Տարոն Չախոյանն էլ մեկնաբանությանը «սմայլիկներ» է ավելացրել. - «Մի տեսակ սրտնեղած եմ, անգամ կռիվ սկսելուց են փախնում»:

​
XS
SM
MD
LG