Այսօր իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում մեծ ծեծկռտուք սկսվեց խորհրդարանում, պատգամավորները բռունցքներով ու ոտքերով մոտ կես ժամ հարվածում էին իրար ու գոռգոռում: ԱԺ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ: Այս անգամ հատուկենտ տղամարդ պատգամավորներ ներգրավված չէին ծեծկռտուքում: Կադրերում երևում է, որ վնասվածք ստացածներ էլ կային, մասնավորապես, «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում:
Ամեն ինչ սկսվեց, երբ ՔՊ-ական Չախոյանը, ամբիոնից ելույթ ունենալիս, սկսեց կոռուպցիայի թեմայով զուգահեռներ անցկացնել: Նախ հիշեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, սակայն կրքերը բորբոքվեցին, երբ հիշատակեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ու նրա ազգականներին:
«Կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ խոսում են կոռուպցիայից, ֆեյքերից, ընտանիքի անդամներին թիրախավորելուց։ Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում: Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»,- իր ելույթում ասաց Չախոյանը:
Հենց այս վերջին դրվագից հետո կռիվ սկսվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից ինչ-որ բան բղավեց, ըստ երևույթին «արա»–ով դիմեց Տարոն Չախոյանին։ Վերջինս էլ նույն կերպ արձագանքեց, թե «արան ոտքիցդ գլուխ ես»:
Սրանից հետո խոսքերին փոխարինեցին բռունցքները։ Տևական ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորում էր հանդարտվել ու նիստը միտումնավոր չէր ընդհատում:
«Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը։ Նիստը շարունակվելու է։ Դո՛ւք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելո՞ւ է, թե՝ չի լինելու։ Կա՛մ ցրվեք, կա՛մ նստեք», - ասում էր Ռուբինյանը:
Բայց իրավիճակը էլ ավելի լարվեց, երբ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճի աթոռը շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ, ինչից հետո Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց: Ծեծը ընդմիջումից հետո շարունակվեց նաև խորհրդարանի միջանցքում ու աստիճանաբար մարեց: Միջանցքում ԱԺ անվտանգության աշխատակիցները ստիպված էին անգամ պատ կազմել «հակամարտող կողմերի» միջև:
Ծեծից հետո
Իրար վրա հարձակված տղամարդիկ վնասել են Ազգային ժողովի գույքը, աթոռներ են կոտրել, և ընդմիջման ընթացքում ԱԺ աշխատակիցները ստիպված էին կարգի բերել նիստերի դահլիճը:
Այս աննախադեպ միջադեպից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ գումարեց: Երբ նիստը վերսկսվեց, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին մեղադրեց:
«Տեղի ունեցածի պատասխանատուն դուք եք, պարո՛ն Կարապետյան, դո՛ւք եք սկսել ծեծկռտուքը»,- պնդեց Ռուբինյանը՝ պաշտպանելով իր կուսակից Տարոն Չախոյանին։
«Տարոն Չախոյանը իր ելույթում չի օգտագործել գեթ մեկ վիրավորական բառ, զրո՛։
Լրիվ նորմալ ելույթ էր ունենում։ Դուք, պարոն Կարապետյան, չեք կարողացել տիրապել ձեզ, ձեր էմոցիաներին, տեղից վիրավորական արտահայտություններ եք գոռացել, հետո վեր եք կացել՝ փորձելով հարվածել Տարոն Չախոյանին։ Դրանից հետո առաջին հարվածը Չախոյանին հասցրել է Գառնիկ Դավթյանը և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել» - ասաց Ռուբինյանը՝ պնդելով, որ կադր առ կադր դիտել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը:
Ի դեպ, ԱԺ խոսնակը հիշեց բարեկրթության կանոները, սակայն իր ելությում այդպես էլ ոչ մի անդրադարձ չարեց՝ արդյոք փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի՝ ընդդիմադիրների ուղղությամբ նետված աթոռն այդ կանոների մեջ տեղավորվում էր։ Ծեծկռտուքը կադր առ կադր դիտած Ռուբինյանը ոչ մի դիտողություն չարեց իր թիմակիցներին:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանից» Մարիանա Ղահրամանյանը լրագրողների հետ ճեպազրույցում իր հերթին Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց, թե միտումնավոր թույլ տվեց, որ իրավիճակն այդքան լարվի:
«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրում է Ռուբեն Ռուբինյանը։ Սադրիչ Տարոն Չախոյանի հրահրումները նա խրախուսեց և որևէ կերպ չէր միջամտում։ Եթե այդ պահին ամբիոնից ընդդիմադիր որևէ ֆրակցիաներից մեկի պատգամավորը խոսեր ու խոսեր այնպես ինչպես խոսում էր սադրիչ Տարոն Չախոյանը, Ռուբինյանն անմիջապես անվտանգության աշխատողներին կհրավիրեր: Բայց նա լուռ նստած վայելում էր ԱԺ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցողը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղահրամանյանը:
Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանի խոսքով էլ. - «Իրենք եկել էին խոստանալով, որ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ ու հիմա ոտիքց գլուխ կոռուպցիայի մեջ են, և հետևաբար դա նրանց համար շատ զգայուն թեմա է»,- ծեծկռտուքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ԱԺ խոսնակը խրախուսեց այս վիճակը, որն էլ, նրա խոսքով, կապված էր «ֆեյքի» հետ։
«Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է ԱԺ»,- ասաց Գրիգորյանը՝ նկատի ունենալով Տարոն Չախոյանին, ով 2021-2026 թթ․ զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը և ըստ մամուլի՝ համակարգել «ֆեյքերի ֆաբրիկա» անունը ստացած Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությունը:
Չախոյանի «ներողությունը»
Ընդմիջումից հետո Տարոն Չախոյանը ներողություն խնդրեց հանրությունից ընդդիմության պահվածքի համար՝ այն որակելով «խուլիգանական»։ Պնդեց, թե այս ամենը նախօրոք ծրագրված էր:
«Սիրելի ժողովուրդ, ես ներողություն եմ խնդրում այս դահլիճում խուլիգանական պահվածքով, ընտրակաշառքով հայտնված անձանց համար, հուսով եմ այլևս չեն կրկնի», - հայտարարեց նա:
«Եթե ձեզ թվում է, որ կարող եք հարձակվել ԱԺ պատգամավորի վրա ու մարսել, կռիվ հրահրեք ու մարսեք, չի լինելու ու դրանում քիչ առաջ համոզվեցիք, չի ստացվելու կռիվ հրահրել ու առանց ծեծ ուտելու փախնել Ազգային ժողովի նիստերի դահլիճից», - ասաց իշխող ուժի պատգամավորը:
Նրա ելույթի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները տեղերից արձագանքում էին՝ շարունակելով լարված մթնոլորտը դահլիճում։
«Սարքելուց եք խոսում, պարոն Ղազինյան, ամբողջ խմբակցությունով գալիս եք ԱԺ դահլիճում խուլիգանական պահվածքով կռիվ եք սարքում, ձեզնից էլ մեծ սարքո՞ղ: Սարքելուց եք խոսում, Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրով անձին [խմբ.՝ նկատի ունի Սամվել Կարապետյանին] բերել եք, ուզում եք սարքեք Հայաստանի Հանրապետության վարչապետ, բա ձեզանից էլ մեծ սարքո՞ղ», - ասաց Չախոյանը: