Արեգնազ Մանուկյանը՝ վկա Անդրանիկ Թևանյանի գործով

Արեգնազ Մանուկյանը խորհրդարանում, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանն այսօր մեկուկես ժամ խուզարկելուց հետո Քննչականը նրան կանչեց հարցաքննության՝ որպես վկա: Նախկին պատգամավորը հարցաքննվել է թիմակցի՝ արդեն կես ամիս լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում:

«Ժամ-ժամուկես, կարծում եմ, հարցաքննությունը, բուն խուզարկությունը երևի էլի մոտավորապես էդքան, շատ երկար չի տևել համենայն դեպս», - ասաց Մանուկյանը:

ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Թևանյանը քարոզարշավի շրջանում ձերբակալվեց, ապա մեղադրվեց ծանր հոդվածներով: Դրանից մեկ օր առաջ վարչապետ Փաշինյանը վանաձորյան քարոզարշավի ժամանակ ընտրողներին արդեն ազդարարել էր այդ մասին. - «Վաղը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»:

Մինչ Թևանյանն ապօրինի ցուցում որակեց Փաշինյանի այս հայտարարությունն ու հերքեց մեղադրանքը, իրավապահները հայտնեցին, որ ընդդիմադիր գործիչը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին, ով ըստ իրավապահների օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։

«Սա ձեզ բոլորին հայտնի գործով էր, նաև Քննչական կոմիտեն է կարծեմ էդպիսի հայտարարությամբ հանդես եկել, իրենք են ասել, թե ինչ գործի շրջանակներում էր: Բայց դա ընդհանրապես էական նշանակություն չունի, որովհետև էս ամեն ինչը շոու է, էս ամեն ինչը քաղաքական հետապնդում է: Արդեն իսկ պարզ էր, որ էս ռեպրեսիաները շարունակվելու են», - պնդեց Արեգնազ Մանուկյանը:

Նախկին պատգամավորն ուղիղ չի ասում, որ իր հարցաքննությունը կապ ունի Թևանյանի գործի հետ, չնայած Քննչականը հաստատել է այս տեղեկությունը: Ասաց՝ չի հիշում, թե իրավապահների մատնանշած փակ, գաղտնի նիստին ինքը մասնակցե՞լ է, թե՞ ոչ:

«Ես բազմիցս հայտարարել եմ մինչ այս էլ, որ ես չգիտեմ ընդհանրապես ինչ նիստի մասին է խոսքը, ես չգիտեմ՝ այդ նիստին ես ներկա եմ եղե՞լ, թե՞ ներկա չեմ եղել, ընդհանրապես ի՞նչ տեղեկություններ են էնտեղ հրապարակվել», - պնդեց Մանուկյանը:

Սահմանազատման թեմայով փակ նիստն անցկացվել է 2024-ի ապրիլի 9-ին:

«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրը» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայի քննարկումն անցկացնել փակ նիստում», - հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյաննը:

Սիմոնյանը նաև խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ առաջարկվել է տվյալ թեմայով քննարկման շուրջ հարակից զեկուցման հնարավորություն տալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Իշխանական պատգամավորներն առաջարկել էին հարցը քննարկել փակ նիստում՝ առանց հեռախոսների, դահլիճից էլ հեռացվել էին այն պատգամավորները, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն:

«Չեն կարող նիստին մասնակցել Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը», - ասել էր ԱԺ նախագահը:

Ընդդիմադիրները, սակայն, դեմ էին այս գաղտնիությանը:

«Արձանագրենք, որ փակ քննարկումը չի նշանակում պետական գաղտնիքի տեղեկատվության ներկայացում, և հետևաբար ավելի շատ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի էությունը հենց էնպիսին է, որ ինքը հանրությանն է հետաքրքրում: Դրա համար է, որ մենք կողմ ենք բաց անցկացնելուն», - հայտարարել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ըստ խորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված տեսագրության՝ Արեգնազ Մանուկյանն այդ օրը Ազգային ժողովի դահլիճում եղել է, կադրերում կա, բայց պարզ չէ՝ արդյո՞ք մասնակցել է հենց փակ նիստին: Համենայն դեպս, Մանուկյանը ներառված չէր Ալեն Սիմոնյանի հրապարակած այն պատգամավորների ցանկում, ովքեր պետական գաղտնիքի հասանելիություն չունենալու պատճառով պետք է լքեին դահլիճը։

Արդյո՞ք իրավապահները Արեգնազ Մանուկյանին են կասկածում փակ նիստից Թևանյանին տեղեկություններ փոխանցելու մեջ, ու արդյո՞ք նրա վկայի կարգավիճակը կփոխվի, իրավապահները չեն մանրամասնում: Այս պահին պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիություն ունեցող Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար Դատախազությունը նախ պետք է ստանա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: Այսպես եղավ Անդրանիկ Թևանյանի դեպքում: Արդյոք Մանուկյանից բացի Քննչականը այլ անձանց և՞ս հարցաքննել է, պարզ չէ, Մանուկյանը նույնպես տեղյակ չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔԿ-ն Անդրանիկ Թևանյանի գործով խուզարկել է նրա թիմակից Արեգնազ Մանուկյանի բնակարանըԱնդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԱնդրանիկ Թևանյանին կալանավորելու հարցով քննությունն ավարտվել է. դատարանն անցել է խորհրդակցական սենյակԿԸՀ-ն Թևանյանին զրկեց անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք առաջադրեցին ու ձերբակալեցին Դատախազը դիմել է ԿԸՀ՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալԽուզարկություններ՝ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում «Ապօրինի ցուցում». Անդրանիկ Թևանյանը «տեղյակ չէ» պետական դավաճանության մասին վարչապետի հնչեցրած մեղադրանքիցՊետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿԱԱԾ-ն Թևանյանի դեմ դավաճանության հոդվածով գործ հարուցելու ակնկալիքով հաղորդում կներկայացնի ՔԿ. Փաշինյան