Սոցցանցում գրառման համար հարուցված գործերից մեկն արդեն դատարան է հասել: Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի և քննիչների ծառայողական գործունեության մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
36-ամյա գյումրեցին գրառումն արել էր փետրվարի 1-ին՝ Հանրային հեռուստաընկերությանը Քննչական կոմիտեի նախագահի տված հարցազրույցից հետո: Խաչատրյանը գրառման մեջ ՔԿ նախագահին անվանել է «անսկզբունքային ծաղրածու», որը «ապացուցեց, որ ծառայում է ոչ թե օրենքին ու ժողովրդին, այլ մոլագար նեռի քմահաճույքներին»։
«Ես այդ հարցազրույցից տպավորություն ստացա, որ այդ նախագահն արդարադատության ծառան չէ, կամակատար է ինչ-որ ցանկությունների՝ գլոբալիստական կլինի, թե վարչապետի մակարդակով, թե ում: Ու նշել եմ, որ կարող է և իրավաբանորեն իր օգտագործած տերմինները ճիշտ են, բայց ընդհանուր առմամբ իր խոսույթը քարոզչություն էր», - ասաց Խաչատրյանը:
Գյումրեցի տղամարդը իր գրառման մեջ նաև պնդել էր, թե իրավապահ մարմինը փորձում է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովը: Այդ օրերին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովն իսկապես տապալվեց, քանի որ դրանից մի քանի օր առաջ իրավապահները քրեական գործեր հարուցեցին կաթողիկոսի ու ևս վեց բարձրաստիճան հոգևորականների դեմ, նրանց արգելվեց դուրս գալ երկրից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը տապալվել է. խորհրդի աշխարհիկ անդամները հարցաքննության էին կանչվելՄհեր Խաչատրյանը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և աջակցում է իշխանության յուրացման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Անցած տարի, երբ իրավապահները ձերբակալությունից առաջ խուզարկում էին Միքայել արքեպիսկոպոսի Գյումրիի կեցավայրը, Խաչատրյանին բերման ենթարկեցին, հետո ազատ արձակեցին:
Խաչատրյանը կարծում է՝ այս մեթոդով վախի մթնոլորտ են ստեղծում. «Եթե իրանց գերագույն նպատակն է եղել վախի մթնոլորտ ստեղծելը, փորձել մարդկանց ճնշելու եղանակով սահմանափակել խոսքը կամ ազատությունը, ես կարող եմ մեջբերել Միքայել սրբազանի խոսքը, որ «վախից այն կողմ ազատությունն է»»:
Սոցցանցային գրառման համար հարուցված այս գործը եզակի չէ: Իրավապահները չեն էլ հերքում, որ տնտղում են համացանցը ու գործեր հարուցում գրառումների հետքերով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ձեզ հետևում են». համացանցի մեկնաբանություններն իրավապահների խոշորացույցի տակԲայց թե քանի քաղաքացի է հայտնվել իրենց ուշադրության կենտրոնում, քանի քրեական գործ է հարուցվել, «Ազատության» գրավոր հարցմանը Քննչական կոմիտեն հրաժարվել էր պատասխանել:
Ու մինչ հայաստանյան իրավապաշտպանները համաձայն են, որ ատելություն, բռնության կոչ պարունակող խոսքը պետք է կանխարգելել, նրանք միևնույն ժամանակ նկատում են, որ իրավապահների թիրախում հիմնականում հայտնվում են իշխանության քննադատները: Վերջերս արցախցի մի կնոջ մեղադրանք առաջադրվեց վարչապետի հասցեին մեկ տարվա վաղեմության քոմենթի համար: Տնային կալանքի տակ գտնվող ախուրյանցի կնոջ խոսքերը ևս վարչապետի մասին էին: Իրավապաշտպանների օրինակներն արդեն մի քանի տասնյակի են հասնում:
Հայաստանյան իրավապաշտպաններն այս գործերում խտրական արդարադատություն էին տեսել: Կոնկրետ օրինակներ ունեն՝ իրավապահները չքննեցին ու պատասխանատվության չենթարկեցին այն իշխանավորներին, որոնք «վիզը, ականջները կտրելու» կոչեր էին հնչեցրել ընդդիմադիրների հասցեին, առանց փաստերի «КГБ-ի գործակալ» անվանել բարձրաստիճան հոգևորականներին, իսկ կաթողիկոսին «քարով սատկացնելու» կոչ արած տղամարդը, չնայած հարուցված քրեական գործին, մեղադրյալ չներգրավվեց:
Գյումրեցի Մհեր Խաչատրյանի դատավարությունը նոր-նոր է մեկնարկում, խափանման միջոցը բացակայելու արգելքն է: Նրան առաջադրված հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում: