«Էսօր Ադրբեջանը մեզնից ապրանք է առնում», - դեսպանների տարեկան հավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Ի՞նչ է Ադրբեջանն առնում Հայաստանից՝ հարցի պատասխանը պետական գերատեսչությունները դեռ չեն շտապում բարձրաձայնել: Եթե օրերս վարչապետ Փաշինյանն ապագայի մասին էր խոսում, ապա անցած շաբաթավերջին անցկացված դեսպանների տարեկան հավաքի ժամանակ արտգործնախարար Միրզոյանն Ադրբեջան հայկական ապրանքի արտահանումը արդեն որպես տեղի ունեցած փաստ էր արձանագրում:
Արդյո՞ք հայկական ապրանքները հասել են Ադրբեջան՝ այս հարցի պատասխանն էլ կոնկրետ չի հնչում:
Հրապարակված են առաջին վեց ամիսների պաշտոնական տվյալները, որտեղ արտահանման դիմաց 0 է, այսինքն, ըստ Վիճկոմի, հայկական որևէ ապրանք չի գնացել Ադրբեջան: Եղել է միայն մոտ 18 միլիոն դոլարի ներմուծում, առյուծի բաժինը՝ նավթամթերք:
Էկոնոմիկայի նախարարը տարեսզկբին մի ամբողջ ցանկ էր ներկայացրել, թե ինչով է հետաքրքրված Բաքուն՝ ալյումինի փայլաթիթեղից մինչ ընտանի կենդանիներ ու կոնյակի հումք, ծխախոտ, տեքստիլ:
«Կոնկրետ հայտ եղել է, և կոնկրետ հետաքրքրություն է եղել», - ասում էր Գևորգ Պապոյանը:
«Առևտուրը և արտաքին շուկաների հասանելիությունը միշտ էլ եղել է մեր մանդատի մեջ, մեր ֆունկցիաների մեջ՝ գրված կանոնադրությունում, կամ Կառավարության կառուցվածքի մասին օրենքով, բայց հիմա փոխվում է, մենք հիմա ավելի շեշտ պիտի դնենք: Իհարկե, մենք չունենք էդ հմտությունները՝ բոլորս, ես, ձեզնից յուրաքանչյուրը, կամ իհարկե ունենք որոշակի փորձառություն, որը եղել է անցյալում, ... բայց հիմա ավելի շեշտ պիտի դնենք», - դեսպանների հավաքի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:
Նախագահն արդեն ստորագրել է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը, երբ այն հրապարակվի, հաջորդ իսկ օրը կփոխվի Արտգործնախարարության անվանումը՝ այն այլևս կկոչվի Արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարություն:
Միրզոյանի խոսքով՝ Գյումրիում դեսպանների եռօրյա հավաքին նախորդել են նաև քննարկումներն ու թրեյնինգները, թե ի՞նչ է ենթադրում նախարարության անվանափոխությունը: Դրանց հրավիրվել են էկոնոմիկայի նախարարը, Կենտրոնական բանկի փոխնախագահը: «Արմենպրես»-ից նաև տեղեկանում ենք՝ բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը։ Գոհար Աբաջյանն արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինն է:
Անունն ի՞նչ կփոխի նախարարության քաղաքականության մեջ: Դիվանագիտական կորպուսի հետ փակ հանդիպումներից Միրզոյանի մի քանի միտք է հանրայնացվել, այդ թվում՝ այն մեկը, որտեղ նա համեմատում է դեսպաններին փոխանցած այս ու նախորդ տարվա իր ուղերձները:
«Անցած տարվա ուղերձը էլի, եթե կարճ, էսպես, պարզունակ ձևակերպենք, հետևյալն էր, խնդրում եմ չասել և չանել որևէ բառ և գործողություն, որը կխանգարի խաղաղության գործընթացին: Ադրբեջանը տրանզիտ է թույլ տալիս իր տարածքով դեպի Հայաստան, և սա մեր համար կենսական նշանակություն է ունեցել, Ադրբեջանը ապրանք է մեզ վաճառում, հիմա արդեն էսօր Ադրբեջանը մեզնից ապրանք է առնում: Արդեն կարանք արձանագրենք, որ էդ խաղաղությունը կա», - հայտարարել է արտգործնախարարը՝ շարունակելով. - «Եվ հետևաբար՝ անցած տարվա իմ ասածի, մեծ հաշվով, ասածը իր առաքելությունը կատարել է: Եվ հիմա մենք ուրիշ փուլ ենք մտել՝ մենք սկսում ենք Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանության, իրական անկախության համար պայքարի փուլ:
Նախօրեին ընդդիմադիրները շատ հարցեր ունեին ԱԺ-ում անվանափոխությունը ներկայացնող արդարադատության նախարարին:
«Գևորգ Պապոյանին նախ հանելու ե՞ք գործից», - հարցրեց, մասնավորապես, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:
Անունը բարեհունչ չէ, այս դեպքում ի՞նչ են անելու էկոնոմիկայի նախարարն ու նախարարությունը. այս ու նմանատիպ մտահոգությունները չհամոզեցին իշխանական պատգամավորներին: Նախարարության անունը փոխվեց:
Արդարադատության Սրբուհի Գալյանն ասում էր՝ Արտգործնախարարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը փոխլրացնելու են իրար, ասաց՝ նպատակը Հայաստանի տնտեսական զարգացումն է, որը դժվար է պատկերացնել առանց միջազգային առևտրի խթանման:
Նախարարության գործառույթներն ավելանում են, բայց, Գալյանի խոսքով, նոր փոխնախարար, ով պատասխանատու կլինի այս ուղղության համար, չի նշանակվի:
«Մենք ունենք նաև առևտրային կցորդների ինստիտուտը, որը կարիք է զգալու վերագնահատման և վերագործարկման», - ասաց արդարադատության նախարարը:
Միջազգային առևտրի և տնտեսական կապերի զարգացումը ներառված է Կառավարության հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության գլխում: Կարևորվել է այդ թվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուրը: Երկուսի հետ էլ դիվանագիտական հարաբերություններ Երևանը չունի: Սահմանը երկու երկրների հետ էլ շարունակում է փակ մնալ: Մինչ այդ, դեսպաններին արտգործնախարարը ուղեկցել է Թուրքիայի սահմանին գտնվող ու չգործող Ախուրիկի և Մարգարայի ցամաքային անցակետեր: