Մատչելիության հղումներ

ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով Գյումրիում

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ է՝ պայմանավորված երկու հանգամանքով, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գյումրիում անցկացվող հավաքի բացման խոսքում:

Առաջին՝ աշխատաժողովն անցկացվում է խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում, ասել է Միրզոյանը՝ ընդգծելով ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։

ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձներով հանդես են եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ելույթով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ և Կառավարության անդամներ։

Վարչապետն իր ելույթում անդրադարձ է կատարել Կառավարության ծրագրում արտացոլված արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց կյանքի կոչման հարցում ԱԳՆ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։ Փաշինյանը նշել է, որ նախարարության անվան փոփոխության (Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն. - խմբ. ) հիմքում ընկած է հստակ հայեցակարգ՝ միտված արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքների ապահովմանն ու բարեկեցության ավելացմանը։

Ելույթին հաջորդել է քննարկում․ վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

XS
SM
MD
LG