Կառավարությունն Ազգային ժողով կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել երեք նախարարությունների անվանումները։ Որոշումն ընդրգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում և ընդունվել կառավարության այսօրվա նիստում։
Ըստ նախագծի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։
Նախագծով նաև համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նախարարությունների լիազորությունների նկարագրություններում։ Մասնավորապես, ԱԳ նախարարության գործառույթներում ավելացվում են արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության և օտարերկրյա ներդրումների ներգրավմանն աջակցելու դրույթները։
Եթե օրենքն ընդունվի, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ ենթաօրենսդրական ակտերը նոր անվանումներին կհամապատասխանեցվեն վեցամսյա ժամկետում։