ԵՄ-ի հետ նման ներդաշնակեցումը կհակասի ԵԱՏՄ նորմերին, որի անդամ է նաև Հայաստանը. Գալուզին

«Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հետագայում ևս եվրասիական ինտեգրացիային մասնակցելու հարցում, և հույս ունենք, որ այդպես էլ կլինի», - «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Բարձրաստիճան ռուս դիվանագետը կրկնել է, որ անհնար է ինտեգրվել միաժամանակ թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ ԵՄ-ին։

«Համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Այն, ինչ տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, դա, մեր ընկալմամբ, հենց ինտեգրացիա է՝ Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Մենք բացահայտ և անկեղծորեն հայտնում ենք մեր հայ գործընկերներին, որ ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը անխուսափելիորեն կհակասի ԵԱՏՄ նորմերին, որի անդամ է նաև Հայաստանը»,- ասել է Գալուզինը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ այս հարցերը պարբերաբար քննարկվում են միջկառավարական հանձնաժողովում, որի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Երևանում։

«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից, և այս 10 տարիների ընթացքում, վստահ ենք, որ հայ հասարակությունը և երկրի ղեկավարությունը զգացել են այս անդամակցության բոլոր նշանակալի առավելությունները», - նշել է Գալուզինը, թվարկելով, - «2015-ին, երբ Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին, երկրի ՀՆԱ-ն կազմում էր մոտ 10.5 միլիարդ դոլար, այսօր այն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 26 միլիարդ դոլարի։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանն արտահանել է 6.4 միլիարդ դոլարի ապրանք, որից 2.6 միլիարդ դոլարը՝ դեպի ԵԱՏՄ երկրներ և միայն կես միլիարդ դոլար՝ դեպի Եվրոպական միություն։

Սա է ներկայիս իրավիճակը։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք համագործակցությունը Հայաստանի հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում, հատկապես որ հայկական կողմը դա հաստատում է բարձր մակարդակով»։

Առավել մանրամասն՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տասմագամբետով․ «Հուսով ենք, որ Հայաստանը շուտով կվերադառնա ՀԱՊԿ»Պուտին․ «ՀԱՊԿ հավաքներին չմասնակցելը Երևանի ընտրությունն է»ՀԱՊԿ-ը կոչ է անում օր առաջ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրըՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ԱԳՆ օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան