«Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հետագայում ևս եվրասիական ինտեգրացիային մասնակցելու հարցում, և հույս ունենք, որ այդպես էլ կլինի», - «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Բարձրաստիճան ռուս դիվանագետը կրկնել է, որ անհնար է ինտեգրվել միաժամանակ թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ ԵՄ-ին։
«Համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Այն, ինչ տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, դա, մեր ընկալմամբ, հենց ինտեգրացիա է՝ Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Մենք բացահայտ և անկեղծորեն հայտնում ենք մեր հայ գործընկերներին, որ ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը անխուսափելիորեն կհակասի ԵԱՏՄ նորմերին, որի անդամ է նաև Հայաստանը»,- ասել է Գալուզինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ այս հարցերը պարբերաբար քննարկվում են միջկառավարական հանձնաժողովում, որի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Երևանում։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից, և այս 10 տարիների ընթացքում, վստահ ենք, որ հայ հասարակությունը և երկրի ղեկավարությունը զգացել են այս անդամակցության բոլոր նշանակալի առավելությունները, - նշել է Գալուզինը, թվարկելով, - «2015-ին, երբ Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին, երկրի ՀՆԱ-ն կազմում էր մոտ 10.5 միլիարդ դոլար, այսօր այն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 26 միլիարդ դոլարի։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանն արտահանել է 6.4 միլիարդ դոլարի ապրանք, որից 2.6 միլիարդ դոլարը՝ դեպի ԵԱՏՄ երկրներ և միայն կես միլիարդ դոլար՝ դեպի Եվրոպական միություն։
Սա է ներկայիս իրավիճակը։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք համագործակցությունը Հայաստանի հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում, հատկապես որ հայկական կողմը դա հաստատում է բարձր մակարդակով»։
Հարցին՝ արդյոք Երևանի և Մոսկվայի միջև քննարկվո՞ւմ է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամակցությանը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը պնդել է, թե Մոսկվայում ուրախ կլինեն տեսնել դա. «Մենք երկխոսության մեջ ենք մեր հայ գործընկերների հետ, սպասենք այս երկխոսության արդյունքին»,-ասել է նա առանց հավելյալ մանրամասների։
Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին: ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նոյեմբերին հայտարարել է, որ կառույցից դուրս գալու հարց այս փուլում Երևանի օրակարգում չկա: