Ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց: Մանուկյանին այսօր առավոտյան իր բնակարանից ձերբակալեցին ու Քննչական տարան: Նախկին պատգամավորն անակնկալի էր եկել, փորձել նկարահանել քննիչների այցը:
Ընտրություններին Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ ցուցակով մասնակցած Մանուկյանին Քննչականն արդեն մեղադրանք է առաջադրել մայիսի վերջին կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործով: Ձերբակալությունից ժամեր անց դատարանը սկսեց քննել նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
«Արգենազ Մանուկյանը գտնում է, որ անհեթեթ մեղադրանք է, իր դիտարկումներն ունի քաղաքական հետապնդման էլեմենտների առկայության վերաբերյալ», - ասաց փաստաբան Տիրայր Կարապետյանը:
Մանուկյանի կուսակցության՝ «Մայր Հայաստան»-ի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որ նաև ԲՀԿ ցանկի երկրորդ համարն էր, մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածով: Արեգնազ Մանուկյանին իրավապահներն այսօր մեղադրանք առաջադրեցին պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածով:
Փաստաբան Տիրայր Կարապետյանը նիստից առաջ շատ մանրամասներ չփոխանցեց. «Այս պահի դրությամբ չեմ կարող որևէ տվյալ հայտնել, որովհետև գործը դեռևս գտնվում է նախաքննական գաղտնիքի ռեժիմում»:
Մոտ մեկ ամիս առաջ իրավապահները խուզարկել էին Մանուկյանի բնակարանը, նրան հարցաքննել որպես վկա: Այն ժամանակ նախկին պատգամավորը «Ազատությանը» մանրամասներ չէր հայտնել՝ նախաքննության գաղտնիքի պատճառաբանությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արեգնազ Մանուկյանը՝ վկա Անդրանիկ Թևանյանի գործովԸստ իրավապահների՝ Արեգնազ Մանուկյանի թիմակից Անդրանիկ Թևանյանը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին, ով, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։
Իրավապահները կասկածում են, որ հենց Մանուկյանն է այդ տեղեկությունները փոխանցել Թևանյանին: Մանուկյանն անցած ամիս «Ազատությանն» ասել էր, որ չի հիշում՝ արդյոք մասնակցե՞լ է խորհրդարանի փակ, գաղտնի նիստին:
Սահմանազատման թեմայով փակ նիստն անցկացվել է 2024-ի ապրիլի 9-ին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ առաջարկվել է քննարկման շուրջ հարակից զեկուցման հնարավորություն տալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Իշխանական պատգամավորներն առաջարկել էին հարցը քննարկել փակ նիստում՝ առանց հեռախոսների, դահլիճից էլ հեռացվել էին այն պատգամավորները, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն:
Ըստ խորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված տեսագրության՝ Արեգնազ Մանուկյանն այդ օրը Ազգային ժողովի դահլիճում եղել է, կադրերում կա, բայց պարզ չէ՝ արդյոք հետո մասնակցե՞լ է հենց փակ նիստին:
Մանուկյանի մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 1-4 տարվա ազատազրկում: