Անդրանիկ Թևանյանին կալանավորելու հարցով քննությունն ավարտվել է. դատարանն անցել է խորհրդակցական սենյակ

Անդրանիկ Թևանյան, արխիվ

Մի քանի ժամ տևած քննությունից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ կալանավորե՞լ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանին, թե՝ ոչ: Որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Փաստաբան Արամ Օրբելյանը պնդում է.

«Ամեն դեպքում, ոչ մեղադրանքի նկարագրությունը, ոչ նյութերը որևէ այլ քրեական հոդվածի հետ կապված հանգամանք չկա։ Ըստ էության, նկարագիրը, ինչ որ մեղադրում են. Դուք բոլորդ, բոլոր լրագրողները դրա տակ անցնում ենք»:

Օրերս վարչապետ Փաշինյանը պետական դավաճանության մեջ մեղադրեց ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին, հայտարարեց, որ ԱԱԾ-ն շուտով այդ նյութերը կուղարկի քննչական, վերջինս էլ վարույթ կնախաձեռնի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԱԾ-ն Թևանյանի դեմ դավաճանության հոդվածով գործ հարուցելու ակնկալիքով հաղորդում կներկայացնի ՔԿ. Փաշինյան

Մեկ օր անց այդպես էլ եղավ: Երեկ երեկոյան պատգամավորի թեկնածուին կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկեց անձեռնմխելիությունից, ինչից հետո այդ նիստին մասնակցող Թևանյանն ինքը գնաց քննչական, որտեղ էլ քննիչը նրան ներկայացրեց մեղադրանքը, իսկ ԱԱԾ-ն ձեռնաշղթաներ անցկացրեց ու ուղեկցեց ներս:

Քննչականը պնդում է՝ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ձերբակալվելուց առաջ Թևանյանը հերքել էր իրեն վերագրվող կասկածները, պնդել՝ նման կազմակերպության մասին լսած չկա:

«Ես տեղյակ չեմ, թե ով է ղեկավարում այդ կայքը», հայտարարել է Թևանյանը։

Հարցին, թե ինքն իբր՝ «տեղեկություն է տվել գումարի դիմաց», Թևանյանը հակադարձել է. «Այդ անհեթեթությունները անցնենք առաջ»։

Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով, պաշտպանյալին ձերբակալել են առանց բավարար ապացույցների: Պնդեց՝ չկան ո՛չ խափանման միջոց կիրառելու, ո՛չ էլ մեղադրանքի հիմքեր։

«Մոտավորապես էն արգումենտացիան է, դե՝ հարուցենք, հետո էլ քննենք, կալանավորենք, ապացույցներ ձեռք կբերենք։ Մոտեցումը ընդունելի չի, չի կարելի անձին մեղադրանք առաջադրել, երբ որ չունես բավարար, թույլատրելի, վերաբերելի ծավալի, ապացուցողական բազա։ Այսինքն, համարյա ինչ հարց տվեցինք, դե՝ հլը չենք պարզել, դե դեռ չենք ստուգել, էս տարբերակով էր», նշեց փաստաբանը։

Օրբելյանը պնդում է՝ մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքելու և փոխանցելու կոնկրետ տվյալներ չկան: Ասաց՝ փորձում են հասկանալ՝ ի՞նչն է դրված պետական գաղտնիքի տակ, հարցրել են քննիչին, թե մեղադրանքում շարադրվածի մեջ ո՞րն է կոնկրետ պետական գաղտնիքը, այդպես էլ հստակ պատասխան չեն ստացել:

«Մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել, փոխանցել չկա: Չեն ասում չկա, ասում են՝ ինչ որ գրված ա։ Ասում ենք՝ գրածի մեջ գրված չի, ասում են՝ դե ինչ որ գրած ա։ Ասում ենք՝ մի պարզ հարց ենք տալիս, մեղադրում եք էս մարդուն, որ պետական գաղտնիք է փոխանցել, կարդում ենք՝ այլ տեղեկություններ է փոխանցել, ասում ենք՝ սրանցից ո՞րն է պետական գաղտնիք։ Ասում է՝ պետական գաղտնիք չենք պնդում», ասում է Արամ Օրբելյանը

Կալանքի հարցով նիստը դռնփակ է և «Ազատությունը» հնարավորություն չունի ծանոթանալու մեղադրող կողմի հիմնավորումներին:

Մինչ այդ, իրավապահները չեն բացահայտել, թե 2024 թվականին Թևանյանն ո՞ւմ միջոցով ու կոնկրետ ի՞նչ տեղեկություններ է ստացել, որ փոխանցել է ռուսական կազմակերպությանը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է 12 տարուց մինչև ցմահ ազատազրկում:

Դատարանի բակում Թևանյանի նկարներով պաստառները վեր պահած նրա աջակիցները կարճ ակցիա անցկացրին՝ պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ապօրինի ցուցում». Անդրանիկ Թևանյանը «տեղյակ չէ» պետական դավաճանության մասին վարչապետի հնչեցրած մեղադրանքիցԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում «Մայր Հայաստանի» գրասենյակում«Հայաստանը և Ռուսաստանը միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու պայմանագիր ունեն». վարչապետԽուզարկություններ՝ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում ԿԸՀ-ն Թևանյանին զրկեց անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք առաջադրեցին ու ձերբակալեցին