Տևական ժամանակ կանոնական դաշտ վերադառնալու հորդորներից հետո Գարեգին Երկրորդն այսօր պաշտոնանկ արեց Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից մեկին: Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այլևս Մասյացոտնի թեմի առաջնորդը չէ: Արդյո՞ք մյուս 9 ևս կհեռացվեն, առայժմ պարզ չէ:
Եպիսկոպոսի հետ «Ազատությանը» կապ հաստատել չհաջողվեց՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում է լքել թեմը: Երեկոյան հայտնի դարձավ, որ Մասյացոտն թեմի մոտ ոստիկանական ուժեր են խմբվել: Ծառայություն իրանացնող ոստիկանները պնդել են, թե հասարակական կարգն են պահպանում: Թե ումից են կարգը պահպանում և ինչո՞ւ հենց այդ հատվածում, որի թեմի առաջնորդին կաթողիկոսը պաշտոնանկ արեց, Ներքին գործերի նախարարությունը չի պարզաբանել:
Վարչապետի հետ կաթողիկոսին գահընկեց անելու պայքար սկսած Սարոյանը դեռ մեկ ամիս առաջ «Առավոտի» հետ զրույցում կրկնել էր Փաշինյանի թեզը, թե Առաքելական եկեղեցու հովվապետը գործակալ է: Կոնկրետ ո՞վ և ի՞նչ փաստեր էր իր առջև դրել, եպիսկոպոսը չէր մանրամասնել: Լրագրողի դիտարկմանը՝ «հիմա Դուք հավատում եք, որ եկեղեցու առաջնորդը գործակալ է», նա արձագանքել էր. «Փաստաթղթեր, հանդիպումների ֆիքսված արձանագրություններ, ի՞նչ ասեմ էլ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էջմիածնում հույս ունեն՝ 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկըՄայր Աթոռն այսօր շեշտել է՝ Գևորգ սրբազանին պաշտոնանկ անելու համար հիմք են ծառայել թեմի առաջնորդի դիրքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու հանգամանքները։
«Գևորգ սրբազանի պարագան, քանի որ բռնաճնշումներ է իրականացրել թեմի քահանա հայրերի նկատմամբ և այդ մասին նաև հիմնավոր փաստեր կան, իրեն Վեհափառ Հայրապետը պաշտոնանկ է արել», - Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Գևորգ սրբազանը կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի հետ փորձել է ազդել մյուս հոգևորականների վրա, որ դուրս գան Վեհափառի դեմ:
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանայի խոսքով.- «Ստեփան Ասատրյանի, ոստիկանության միջոցով փորձել է քահանաներին հայտարարություն գրելու պարտադրանք իրականացնել, իհարկե, բազում վատ արարքներ ունի արած, սա էլ արդեն ամենավերջին աստիճանն է էլի: Հավանաբար, նույն պարտադրանքները կան Արարատյան և Արմավիրի թեմում, քահանաների հայտարարություններից երևում է, որ այնտեղ էլ նման պարտադրանք կա քահանաների նկատմամբ»:
Տեր Վրթանեսի պնդմամբ՝ երեկվանից Փաշինյանին միացող հոգևորականների մեծ մասն իրենց կամքին հակառակ են գնացել եկեղեցու ու Մայր Աթոռի դեմ, ասում է. - «Ամոթ է էլի, նորմալ, Աստծոն հավատացող քահանան նման խայտառակ գրություն, կարծում եմ, պատշաճ չի, որ գրի և միանա Նիկոլ Փաշինյանի հակեղեցական այս արշավին»:
Մինչդեռ նույն կարծիքին չէ ինքը՝ այս ամենի հետևում կանգնած վարչապետ Փաշինյանը: Սարոյանի պաշտոնազրկման մասին որոշումից հետո շտապեց իր տեսակետը հայտնել.
«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
Անարխիա՞, թե՝ եկեղեցական բարենորոգում
Փաշինյանի այս հայտարարությունն ընդդիմախոսները անարխիայի քարոզ են համարում: Ընդդիմադիր գործիչ Էդմոն Մարուքյանն, օրինակ, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է վարչապետն իրեն վերագրել կաթողիկոսի լիազորությունները և իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ով է թեմի առաջնորդ, ով՝ ոչ, կամ ով որտեղ պետք է իրականացնի իր հոգևոր ծառայությունը։ Նույն տրամաբանությամբ վաղը ինչ-որ մեկը կարող է ասել, որ չի ընդունում Հայաստանի ՆԳՆ-ի որևէ հրաման, քանի որ գտնում է, որ Ներքին գործերի նախարարին նշանակել է ոչ լեգիտիմ վարչապետը, և հետևաբար, հրաժարվում է հաշվի նստել նրա կողմից ընդունված և հաստատված որոշումների հետ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանի կոչին հետևելն ու կրոնական ծեսը խոչընդոտելը քրեական հանցանք է». սահմանադրագետՍահմանադրությամբ պետությունից անջատ եկեղեցու ներքին գործերին միջամտելու համար մասնագետների քննադատությանն արժանացած Փաշինյանն անձամբ է հետևում, թե ինչպես են հոգևորականները հայտարարում իրեն միանալու մասին, շնորհակալություն է հայտնում իր խոսքով՝ այդ խիզախ քայլի համար ու խոստանում իր ու անգամ կառավարության աջակցությունը:
«Իմ ամբողջ աջակցությունն ունեք, ՀՀ կառավարության աջակցությունը ունեք, ուզում եմ իմանաք, որ ցանկացած հարց, որ ձեր հարցն է, իմ հարցն է, ես սա ասում եմ անձնապես», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Երեկվանից մոտ երկու տասնյակ հոգևորական է հայտարարել, թե միանում է Կաթողիկոսին գահընկեց անելու՝ Փաշինյանի արշավին: Նրանց մեծ մասը՝ այս պահի դրությամբ 8-ը Արարատյան թեմից են, որի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ևս դեմ է դուրս եկել Գարեգին երկրորդին:
«Ես՝ Շմավոն քահանա Ղևոնդյանս, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին», - երեկ այս մասին ազդարարած Տեր Շմավոնն այսօր չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին, ասաց. «Որևէ բանի մասին չեմ ուզում խոսել»:
Փաշինյանի ձեռամբ օրերս ստեղծված Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգում նախաձեռնությունը ֆեյսբուքում ակտիվորեն հրապարակում է քահանաների՝ հավատարմության տեքստերը վարչապետին ու տասը եպիսկոպոսներին:
«Ես՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը, աջակցում եւ միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»:
Տեր Գալուստը ևս կարճ խոսեց. «Որոշումն իմ խղճով է պայմանավորված»:
Մայր Աթոռի նորությունների պորտալն իր հերթին հրապարակում է վեհափառին աջակցող հոգևորականների հայտարարությունները: Այս պահի դրությամբ, ֆեյսբուքյան էջում ավելի քան 100 նման հայտարարություն կա: Նրանցից է Շիրակի թեմից Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը:
«Շատ ցավալի վիճակի մեջ ենք, իրոք ցավալի, քուն կորցրած վիճակի մեջ ենք: Եվ արդեն շարունակվում է, հուսով եմ, որ վերջակետը կերևա այս ամեն ինչի: Ես չեմ կարծում, թե թիվը կավելանա եկեղեցականների, ովքեր որ տարբեր ընթացքի մեջ են»:
Մայր Աթոռը երեկ նաև հստակեցրեց, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է արվել 21 հոգևորական, ոչ ավելի՝ ինչպես «փորձում են շահարկել նրա ընդդիմախոսները»: Մյուսները կա՛մ ինքնակամ են լքել ծառայության վայրը, կա՛մ սեփական դիմումի համաձայն, կա՛մ էլ թեմակալ առաջնորդներն են միջնորդել: Ընդհանուր առմամբ, Հայ Առաքելական եկեղեցին ունի 700 սպասավոր: