ԱՄՆ-ը երկարաձգեց հրադադարը՝ պահպանելով շրջափակումը, Իրանը դեռ չի որոշել՝ բանակցի՞, թե՞ ոչ

ԱՄՆ-ի կողմից հրադադարի ժամկետի երկարաձգումից ժամեր անց իրանական զինուժը Հորմուզի նեղուցում առևտրային երեք նավի վրա է կրակել: Ըստ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնի՝ նավերից մեկը լրջորեն վնասվել է: Իրանական լրատվամիջոցները նույնպես հաստատում են հարվածները:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը, առանց ժամկետներ նշելու, միակողմանիորեն երկարաձգել էր հրադադարը: Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, թե դա անում է Պակիստանի խնդրանքով, մինչև Իրանի «պառակտված իշխանությունը կկարողանա միասնական առաջարկ ներկայացնել» պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն, կշարունակվի, նշել էր նա:

«Ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը և լինել պատրաստ և մարտական պատրաստվածության վիճակում մնացած բոլոր առումներով, ու ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը և բանակցությունների ավարտը՝ այս կամ այն կերպ», - հայտարարել է Թրամփը:

Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը չի խնդրել երկարաձգել հրադադարը: Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդականն էլ դա «անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք» է անվանել: Մահդի Մոհամմադին նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ներկայիս շրջափակումը «ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից և պետք է ռազմական պատասխան ստանա»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին էլ Իրանի հարավային հարևաններին սպառնացել է ոչնչացնել նրանց նավթային արդյունաբերությունը, եթե այդ երկրների տարածքը կիրառվի Իրանին հարվածելու համար։

Ու մինչ իրավիճակը Հորմուզի նեղուցում կրկին լարվում է, անորոշ է բանակցությունների հեռանկարը: Չնայած երեկ հաղորդվում էր, որ ԱՄՆ փոխնախագահն այսօր կժամանի Իսլամաբադ՝ բանակցելու, Սպիտակ տունը, սակայն, այսօր հաստատել է, որ Ջեյ Դի Վենսի այցը չեղարկվել է:

Իրանի արտգործնախարարության խոսնակը BBC-ին հայտնել է, որ Թեհրանը դեռ չի որոշել՝ կբանակցի՞, թե՞ ոչ: Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրանը բանակցությունների առաջին փուլին մասնակցել է «բարի կամքով» և լուրջ է վերաբերվել դրանց: Նույնը, սակայն, ըստ նրա, չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին:

«Նրանք շարունակում են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, մեր կամուրջները և էլեկտրակայանները ռմբակոծելու սպառնալիքները։ Այնպես որ, սա այն երկրի վարքագիծը չէ, որն իսկապես լուրջ է վերաբերվում դիվանագիտական գործընթացին», - պնդել է Բաղային:

Իրանի արտգործնախարարն էլ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը «պատերազմական ակտ» և «հրադադարի խախտում» է որակել: Աբբաս Արաղչին հայտարարել է, որ օրեր առաջ իրանական առևտրային նավի գրավումն ու դրա անձնակազմին պատանդ վերցնելն է՛լ ավելի մեծ խախտում է: «Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և դիմադրել սպառնալիքներին», - սոցցանցում գրել է նա։

Չնայած Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ավարտին դեռ մի քանի օր կա, Իսրայելի զինուժը վերսկսել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում և չորս քաղաքի է հարվածել: Հաղորդվում է զոհի մասին: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը՝ ի պատասխան հրադադարի խախտումների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվիՄեծ Բրիտանիան պնդում է՝ իրանական զինուժը Հորմուզի նեղուցում կրակել է երկու բեռնատար նավի վրաԻրանը պնդում է՝ շրջափակումը քիչ ազդեցություն ունի սննդամթերքի մատակարարման վրաՊակիստանի վարչապետը ողջունում է ԱՄՆ-Իրան հրադադարի երկարաձգումըԹրամփն սպառնում է, Թեհրանն՝ արձագանքում՝ նախատեսված բանակցությունների ֆոնին